Քաղաքական

25.05.2018 17:55


Սամվել Բաբայանն ազատ չարձակվեց (տեսանյութ)

Սամվել Բաբայանն ազատ չարձակվեց (տեսանյութ)

7or.am-ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայցը, որով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը և պահանջվում է կայացնել արդարացման որոշում։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ 2 պատգամավորի երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն էր ներկայացվել Վճռաբեկ դատարան, և մեր ունեցած տեղեկություններով՝ Սամվել Բաբայանն այսօր պետք է ազատ արձակվեր ԱԱԾ մեկուսարանից։

Սակայն, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը քիչ առաջ հերքել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբայանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին:

«Այդ որոշումը ստացել է նաև Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Որոշման մեջ խափանման միջոցի մասին խոսք չկա և չէր կարող լինել, որովհետև խափանման միջոցին կանդրադառնանք, երբ վերջնական բողոքների շրջանակում որոշում կայացնենք: Սա վարույթ ընդունելու մասին որոշում էր»,-ասել է Ավետիսյանը:

Նրա խոսքով` սույն գործով երեք բողոք է ստացվել և որոշում է կայացվել այդ երեք բողոքները վարույթ ընդունելու մասին:

«Երբ մենք նիստ անցկացնենք, կանդրադառնանք խափանման միջոցին»,-նշել է Ավետիսյանը:

Վճռաբեկ դատարանի այս որոշումը մեկնաբանել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը