Մեկնաբանություն

04.04.2019 14:15


«Ժողովրդի թշնամիների» ցանկը թարմացվեց. Գուրբանգուլին հեռվից ժպտում է (տեսանյութ)

«Ժողովրդի թշնամիների» ցանկը թարմացվեց. Գուրբանգուլին հեռվից ժպտում է (տեսանյութ)

Ոչ մի օր առանց շոուի։

Երեկ պոեզիայի օր էր հայտարարված։ Իսկ այսօր «էքշըն» ոճի մեջ էր մտել Նիկոլ Փաշինյանը։ «Կինոյի միջի տղու» կերպարը նրան ակնհայտորեն դուր է գալիս, քանզի այդպիսով հնարավոր է աղի արտասուք քամել հնդկական սերիալի սիրահար 45–անց կանանցից։

Փաշինյանը բարկացել էր։ «Ջղային ձյաձյայի» դերի մեջ մտած ու «հպարտ» քաղաքացիների դարդերով տապակվողի մտահոգ հայացքով նա անդրադարձավ ԱԳԼՃԿ–ներում վաճառվող գազի թեմային ու ներկայացրեց «ժողովրդի թշնամիների» իր շրջանակը։

Նա նաև հանձնարարականներ տվեց։ Այդ հանձնարարականներում կար «ժողովրդի թշնամիների» թարմացված կազմի դեմ գործողությունների ծրագիրը։ Դրանք նախկին օլիգարխներն էին և «հեղափոխական ֆեյքերը»։

Նախկին օլիգարխներին Փաշինյանը սպառնաց ծնոտներին հասցնել, իսկ իրենց հոգեհարազատ ֆեյքերով հրահանգեց զբաղվել ԱԱԾ–ին։ Փաշինյանի տեսքն այդ պահին հեղափոխական էր, սարսափազդու և ինչ–որ տեղ՝ նաև թուրքմենբաշիական։ Վերջինս էլ է սիրում բանաստեղծություններ գրել և կառավարության նիստերի ժամանակ ժողովրդի դարդերով տապակվել՝ անհաշտ պայքար մղելով չար ուժերի դեմ։

Գուրբանգուլիի համեմատ՝ Փաշինյանը սկսնակ բանաստեղծ է ու նորելուկ հակակոռուպցիոներ։ Մեր «Գուրբանը» դեռ աճելու և սովորելու բան ունի։ Նրա մոտ դեռ այն չէ էմոցիան։ Չկա էքսպրեսիա, չկա էնտուզիազմ։ Կաղում է նաև դերասանական վարպետությունը։ Բայց դե, երևի ժամանակի ընթացքում այդ ամենը կլինի։ Մանավանդ որ առիթներ շատ են լինելու։ Որքան վատանալու է տնտեսական վիճակը, որքան շատանան ձախողումներն արտաքին քաղաքական ոլորտներում, այնքան բեմադրություններն ու տեսարանները շատանալու են՝ շատացնելով նաև «ժողովրդի թշնամիների» ցանկը։

Որքան ողջամիտ կասկածներ առաջանան նորերի կոռուպցիոն ռիսկերի և շվայտ ապրելակերպի կապակցությամբ, այնքան հակակոռուպցիոների դերի մեջ են մտնելու սրանք։

Որքան շատանան իշխանության վերին օղակների ու նրանց ընտանիքի անդամների կասկածելի գործողությունները, այնքան մեղավորները շատանալու են։ Կառավարությունն ամենուրեք սաբոտաժնիկներ, սևեր ու հակահեղափոխական ուժեր է տեսնելու ու «հպարտ» քաղաքացիներին կեղծ թիրախներ է մատուցելու։ Թե որքան դա կտևի, դժվար է ասել։

Մի հայտնի խոսք կա։ Ասում են՝ կարելի է ամբողջ ժողովրդին խաբել մի կարճ ժամանակահատվածում, կարելի է նաև ժողովրդի մի մասին ահագին ժամանակ խաբել, բայց ամբողջ ժողովրդին երկար ժամանակ խաբել հնարավոր չէ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը