Քաղաքական

19.06.2019 16:00


Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունը հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունը հետաձգվեց (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր շարունակվում են քննվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Այսօր դատավոր Արմեն Դանիելյանին կրկին ներկայացվեց ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը հրապարակեց որոշումը՝ մերժելով դատավորին ինքնաբացարկ հայտնելու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը։

Երեկվա դատական նիստը հետաձգվել էր նաև այն պատճառով, որ մեղադրանքի կողմը կարողանա վերաքննիչ բողոքը ներկայացնել ամբողջ ծավալով և առանց ընդմիջման, և քանի որ աշխատանքային օրվա ավարտին հաշված րոպեներ էին մնացել, դատական նիստը հետաձգվել էր և նշանակվել հունիսի 19-ին:

Նշենք, որ այսօր ևս Քոչարյանի աջակիցները դատարանի մոտ են։

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 20-ին, ժամը 14:00-ին:

Այսօրվա դատական նիստում վերաքննիչ բողոքները ներկայացրեցին մեղադրանքի կողմը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Միաժամանակ Սեդա Սաֆարյանը նաև ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:

Վաղը կայանալիք դատական նիստում բողոքների վերաբերյալ առարկություններով հանդես կգա պաշտպանական կողմը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը