Քաղաքական

14.08.2012 18:54


ՀՀԿ-ական «Աուտոտրենինգ» կամ «Ֆինիտա լյա կոմեդիա»

ՀՀԿ-ական «Աուտոտրենինգ» կամ «Ֆինիտա լյա կոմեդիա»

Աուտոտրենինգ: Ի՞նչ է այն նշանակում, փորձեմ ձեզ ներկայացնել այդ բառի նշանակությունը: Այն նշանակում է …Հունարեն αὐτός  Ինքնա և,-  γένος  ծագում:    նշանակում է՝ հոգեբանական թերապևտիկ մեթոդ, ուղղված վերագանգնելու մարդու օրգանիզմի Հոմեոստատիկ մեխանիզմի դինամիկ հավասարակշռությունը, որը խախտվել է դիսթրեսի արդյունքում:

Այո, երևի սա մեզ ոչինչ չասաց, սակայն ասեմ այլ կերպ, դա յոգայի հիմքում ընկած մեթոդ է, որը ինքնատիրապետման միջոցով օգնում է մարդուն մկանային ռելակսացիայի հասնել: Այլ խոսքով՝ ինքնաներշնչում:  Կամ ավելի մատչելի ասեմ՝ դա այն է ինչ ՀՀԿ-ն անում է ժողովրդի հետ:

Սակայն, իմ նպատակը չէ խորանալ բժշկական տերմինաբանության մեջ, այլ ախտորոշել մի ամբողջ ժողովրդի խղճուկ կենսագոյության հոգեբանական վիճակը: Ստիպված եմ այս տերմինը օգտագործել իմ ասելիքս ձեզ հասցնելու համար: Ձեր կասկածները ցրելու համար՝ ասեմ, որ այսօր  աշխարհում միայն մենք՝ հայերս չենք, որ հայտնվել ենք այս վիճակում, այլ շատ բաղտակից եղբայր ժողովուրդներ կան՝ մեզանից տարբեր՝ բայց նույն ճակատագրին մատնված:

 Աուտոտրենիգ, դա մի տեսակ ծրագիր է, որը հատուկ մշակված է քաղաքական  և այլ ոլորտներում՝ «տուպիկում» հայտնված պետությունների համար, ովքեր ջանք են դնում իրենց անտաղանդությունների մեջ մեղադրել ժողովրդին, իբր թե խնդիրը կայանում է նրանց հասկացողության և ավելին՝ հավատքի կամ ավելի շուտ «թերահավատության» մեջ, որի պատճառով հրաշագործ կառավարությունը զրկվում է իր հրաշագործության գերբնական զորությունից: Իսկ, գերպետությունները դառնում անզոր՝ օգնելու մի ժողովրդի, ով հավատալու և փոխվելու խնդիր ունի:

 Ժողովուրդը, ով իր պատմական հավատքի մեջ թերահավատության խնդիր ունի, պարզապես դիմակայում է հուսախաբության և հիասթափության հարձակումներին ու հետ նայելով իր քաշած տարիներին՝ տարակուսում, թե իրականում ո՞ւմ  կամ ի՞նչի դեմ է պայքարել: Դե, վերջապես ո՞վ է եղել անտեսանելի այդ թշնամին: Մի՞գուցե  դա եղել է ճակատամարտ հողմաղացների դեմ, երևակայության կամ ցնորքի արգասիք: Սակայն, փայփայված երազանքներն ու դրանց իրագործման  նկրտումները մտնում են փակուղի, որովհետև ինչ որ մեկը, ինչ որ մի տեղ, այլ երազանքներ ունի ու իր երազանքներն իրագործելու լայն հնարավորություններ: Ուստի, հաշիվ չէ, թե դու ինչ ես երազում, քանի որ քեզ այլ բան են ներշնչում: Հավատացեք, որ փոխվեք: Ինձ մոտ անձամբ չի ստացվում, փորձում եմ հավատալ, սակայն երևի թե լավ չեմ ներշնչում ինձ ու չի ստացվում ինքնահամոզումս, թե էս կուսակցությունից ինչ որ բան կարող է դուրս գալ: Դե ինձ համար նրա ժամանակն ավարտված է, թեև հույսով եմ, որ նրա համար՝ իմը դեռ չի ավարտվել:

Ժամանակի ընթացքում, կորուստները լինում են անխուսափելի և  կողքիցդ մեկ առ մեկ հեռանում են ընկերներդ, սիրելիներդ, մարդիկ՝ ում հետ ծրագրում էիր անցնել երկար ու դժվարին ճանապարհներ՝ բարեկեցիք և արժանապատիվ կյանք, բարգավաճ ու հզոր մի հայրենիք կառուցելիս: Ոմանք ընկնում են «ներքին թշնամու քաղաքական նետերից» խոցված, իսկ ոմանք պարզապես հեռանում են կողքիցդ՝ արտագաղթում, մի տեսակ կանգնում թիկունքիդ հետևում ու դառնում հանդիսատես, ով հեռվից է հետևում իր հայրենիքի անց ու դարձին:

Թույլ տվեք քաղաքական գնահատական չտալ, լավ թե վատ դա անում են քաղաքագետները, այլ թույլ տվեք պարզապես տալ ժողովրդի գնահատականը՝ մի կուսակցության, ով, ըստ ժողովրդի՝ անտաղանդ է, իսկ մնացած ածականները չանվանեմ, քանի որ դրանց լավատեղյակ եք: Իշխանության և կառավարման 22 տարիների ընթացքում, մենք այսօր ունենք այն ինչ ունենք, և եթե իշխանությունները սպառել են իրենց ունակություններն ու նամանավանդ 6-րդ զգայարանը, ապա կարծում եմ, որ տեղին կլիներ, որ իշխանության ղեկը հանձնվեր մեկ ուրիշին, ում մոտ այդ ունակությունները դեռևս գործուն են:

Հավատանք, որ փոխենք: Համոզենք ինքներս մեզ, որ մենք կարող ենք, մենք դա կանենք: Սին ինքնաներշնչանք: Երևի շատ նայեցինք չինական ֆիլմեր կամ արևելքը դյութեց մեզ իր խորհրդապաշտությամբ:

Հոգևոր և հոգեբանական ոլորտում զարմանալի սինկրետիզմ է տեղի ունենում, երբ քրիստոնեական կրոնն ու ցեղակրոնությունը փորձում են մեձենալ կամ միաձուլվել քաղաքական դաշտում՝  հմտությամբ մանիպուլյացիայի ենթարկելով մի ամբողջ հավատացյալ ժողովրդի հոգևոր զգացմունքներն ու բարոյական վարքագիծը:

ՀՀԿ-ական երկարաձգված թմբիր, որին շատերը զոհ գնացին՝ իրենցում խեղդելով բանականությունն ու մարդ արարած լինելու կոչումը:

Առջևում նախագահական ընտրություններն են, շատերը թերևս հույս ունեն, որ վերջապես ՀՀԿ-ն կարտասանի իրենց համար վաղուց բաղձալի «Ֆինիտա լյա կոմեդիա » արտահայտությունը:

Եվ երևի թե HAPPY END կլինի ու ժողովուրդը դուրս կգա այս «փակուղուց»: Դե ինչ, կապրենք կտեսնենք:

 Մամիկոն Համբարյան

Այս խորագրի վերջին նյութերը