Մեկնաբանություն

01.07.2013 13:45


Սերժի PR-ը, Իշխանի հակա-PR–ը և Արագածի քարայծը

Սերժի PR-ը, Իշխանի հակա-PR–ը և Արագածի քարայծը

Սերժ Սարգսյանը համոզված է, որ Իշխան Զաքարյանն անձնական PR–ի նպատակով է ԱԺ ամբիոնն օգտագործել ու խոսել չարաշահումներից, քանզի գիտի, որ ամիսներ առաջ ինքը զուտ PR նպատակով էր «քլնգում» Տիգրան Սարգսյանին ու բողոքում «ատկատներից»։

Իշխանը, երևի, այն ժամանակ ճիշտ չէր հասկացել Սերժի՝ «գլխից է պետք բռնել» արտահայտության բուն իմաստը և չէր «ջոկել», որ դա արվում է նախընտրական PR–ի համար։

Վերահսկիչ պալատի նախագահը քաղաքական պահի նրբությունները չէր ընկալել՝ հայտնի «Տերն ու ծառան» ֆիլմի հերոսի պես մոռթելով որը պատահի։ Արդյունքում միլիարդավոր դրամի չարաշահումներ էին հայտնաբերվել։ Սերժը, սակայն, հասկացրեց, որ Վերահսկիչ պալատի նախագահի գործը ոչ թե չարաշահումներ հայտնաբերելն է, այլ այդ չարաշահումների մասին տանը կամ իր հետ առանձին հանդիպման ժամանակ խոսելը, ինչպես նաև Ազգային վիճակագրության ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանի պես միայն բարի լուրեր հաղորդելը։ Այլապես Սարգսյանը միտում կտեսնի Զաքարյանի գործողություններում։ Այլ կերպ ասած՝ Սերժը դավադիրներ է տեսնում բյուջետային միջոցների թալանի մասին խոսողների մեջ։

Նախագահականում տեղի ունեցած քննակման ժամանակ գործող նախագահը հասկացրեց, որ կոռուպցիայից խոսելու բացառիկ մենաշնորհը պատկանում է իրեն, այն էլ՝ PR–ի շրջանակներում։ Ըստ այդմ՝ Իշխանը կարգազանցություն է թույլ տվել և գերազանցել է օրենքով չսահմանված լիազորությունները։

Իրենց բարձրության վրա, ըստ ՀՀԿ ղեկավարի, չեն գտնվել նաև Աղվան Հովսեփյանը և ԱԺ մեծամասնությունը։ Առաջինը պետք է անմիջապես հերքեր չարաշահումների մասին Իշխանի հայտարարությունը, իսկ երկրորդը պետք է Իշխանի խոսափողն անջատեր և դահլիճում աղմուկ բարձրացներ, երբ Վերահսկիչ պալատի նախագահը թվեր էր հնչեցնում ու թափահարում թանկ գնով ձեռքբերված էժան մալուխը։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանն այլևս անկեղծ է լինելու հասարակության հետ, քանզի տոկոսներն արդեն «խփված» են։ Թե ինչով և ինչպես կպատասխանի այս ամենին հասարակությունն ու քաղաքական դաշտը, մնում է միայն ենթադրել։

Տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական ուժերն ընտրական գործընթացների ժամանակ ստացած նոկաուտից դեռ դուրս չեն եկել։ Դե իսկ քաղաքացիական կոչված հասարակությանը հետաքրքրում է բացառապես «Փակ շուկայի» գեղագիտական տեսքը և Արագածի փեշերին թռչկոտող քարայծի իրավունքների պաշտպանությունը։

«Քաղաքացիական» հասարակությանը «կակոյ նիբուծ» պետական բյուջեի լայնամասշտաբ թալանի թեման չի հետաքրքրում և դա է պատճառը, որ նրանք չեն հավաքվում կառավարության կամ նախագահական շենքի առաջ, ֆեյսբուքում պահանջի էջեր չեն բացում, պաթետիկ ստատուսներ չեն գրում։ Այլ հարց է Իշխան Զաքարյանի դղյակի թեման։ Այդ թեմայով բոլորը պատրաստ էին նույնիսկ քայլերթ իրականացնել, մանավանդ որ այն անմիջապես կարտոնվեր Բաղրամյան 26–ի կողմից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը