Մեկնաբանություն

14.11.2013 11:55


Կլիենտը հուզված է, կլիենտը նյարդայնացած է (տեսանյութ)

Կլիենտը հուզված է, կլիենտը նյարդայնացած է (տեսանյութ)

Թեև երեկ Թաթա Սիմոնյանը համերգ չէր տվել Մարզահամերգային համալիրում, սակայն ԱԺ–ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարբած վիճակում էր գտնվում։ Համենայնդեպս այդպիսի տպավորություն ստեղծվեց ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան նրա հնչեցրած խոսքերից։

Տ. Սարգսյանը հնարավոր համարեց, որ վարչական շենքերին պետբյուջեով հատկացվելիք գումարն ուղղվի դպրոցների ու պոլիկլինիկաների վերանորոգմանը, սակայն ասաց, որ դա չի արվի։ Տիգրան Սարգսյանը փորձեց սրամիտ երևալ, բայց ստացվեց ինչպես միշտ։

Երեկ սոցցանցերում արդեն քննարկվում էր վարչապետի ոչ ադեկվատ մոտեցման պատճառները։ Գերակայում էր հարբածության վարկածը։

Կար նաև տեսակետ, որ նա պարզապես նյարդայնացած է, հուզված։ Այս վարկածն ավելի հավանական է թվում։

Կառավարության ղեկավարի գործունեությունն իրոք ջղաձիգ է դարձել։ Կլիենտն, իրոք, հուզված է, քանզի դեպքի վայրում բռնված գողի է հիշեցնում։

Մեռելոցների մեծ սիրահար Տիգրանի հուզմունքի և նյարդայնացածության պատճառ կարող էր դառնալ նաև այն հանգամանքը, որ հարց տվողը ներկայացնում էր ԲՀԿ–ն։ Այդ ուժը պարզապես հունից հանում է Տիգրան Սարգսյանին։

Ոմանց կարծիքով՝ Տիգրան Սարգսյանի՝ «կարող եմ դպրոցներին օգնել, բայց չեմ օգնի» պատասխանը հաբռգածության դրսևորում էր։ Մոտավորապես «Ինչքան ուզեք, էնքան խփեմ» սերժսարգսյանական ոճի։

Շատ հնարավոր է, որ Տիգրան Սարգսյանը նյարդային է դարձել Մաքսային միությանը քծնելու արդյունքում. ո՞վ այդքան քծնի ու շողուլից չընկնի։

«Արևմտամետ» Տիգրանի իմիջային կտրուկ փոխակերպումն, անշու՛շտ, կարող էր ազդել նրա հոգեվիճակի վրա։ Թեև սա քիչ հավանական տարբերակ է, քանզի ցինիզմով տառապող, կայուն պատկերացումներ չունեցող և օրվա կուրսով առաջնորդվող Տիգրան Սարգսյանի համար միևնույն է, թե ինքն ինչամետ կխաղա։ Եթե պետք է լինի, ապա նա նույն ոգևորությամբ կքծնի նաև մահմեդական աշխարհին ու կհիմնավորի, թե ինչքան լավ է իսլամական կոնֆերանսին միանալը։

Տիգրանի ու իր շեֆ Սարգսյանի համար կարևորն աթոռն ու «ատկատ» անելու հնարավորությունն է։ Դրա համար էլ վարչական շենքերի ֆասադներն են վերանորոգում։ Դպրոցներն ու պոլիկլինիկաները վերանորոգեն, որ ի՞նչ անեն։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը