Քաղաքական

04.02.2014 13:21


Նաիրա Զոհրաբյան. «Տարիներ շարունակ էներգետիկայի նախարարը և նրա վերադասը՝ ՀՀ վարչապետը, ուղղակիորեն ստե՛լ են» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Տարիներ շարունակ էներգետիկայի նախարարը և նրա վերադասը՝ ՀՀ վարչապետը, ուղղակիորեն ստե՛լ են» (տեսանյութ)

Գազի գնի ուսումնասիրման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների առաջարկի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ երեկ խորհրդարանում բարձրացված շատ կոնկրետ որոշման նախագիծը, որը ներառում էր շա՛տ կոնկրետ հարցեր, մեծամասնության որոշ պատգամավորներ իրենց ելույթներում փորձեցին ուղղակիորեն խեղաթյուրել՝ դրանք տեղափոխելով բոլորովին ուրիշ դաշտ և զբաղվելով բացահայտ դեմագոգիայով։

–Խնդիրը շատ պարզ է. չորս քաղաքական ուժեր ներկայացնելով որոշման նախագիծ՝ ցանկանում են ստանալ մի քանի հստակ հարցի հստակ պատասխան։ Այս ամբիոնից տարիներ շարունակ էներգետիկայի նախարարը և նրա վերադասը՝ ՀՀ վարչապետը, բազմիցս հայտարարել են, որ գազի գինը չի բարձրացվել, այսինքն՝ ուղղակիորեն ստե՛լ են։ Իսկ ի՞նչ պետք է անեն ստախոս պաշտոնյաները. ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում տալիս են հրաժարական, բայց, իհարկե, մեր երկիրն առաջնորդվում է բացարձակապես խաղի այլ կանոններով, որտեղ ստախոսությունը, խաբելը, սեփական ժողովրդին «քցելը», սեփական ժողովրդից թաքցնելը խաղի նորմ և կանոն են։ Եվ մեկ րոպե անգամ չկասկածեք, որ վաղը այս կառավարությունը՝ այս նույն վարչապետի գլխավորությամբ, էստեղ կնստի և ստոիկյան դեմքի հանդարտությամբ կպատասխանի բոլոր հարցերին՝ հերթական անգամ նոր օրենքներով խաբելով և «քցելով»,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

Նա նաև հիշեցրել է էներգետիկայի նախարարի խոստովանությունը, որ, փաստորեն, իրենց սկսել էին ճնշել դեռ 2010 թվականից.

–Բա ինչո՞ւ էիք թաքցնում այդ ճնշման մասին, ինչո՞ւ էիք թաքցնում, որ մենք տարեցտարի այդքան պարտքեր էինք կուտակում։ Թե՞ թաքցնում էիք, որովհետև առջևում համապետական ընտրություններ էին, և պե՛տք չէր՝ ժողովուրդն այդ մասին իմանար։ Այսինքն, այստեղ կա նաև հստակ քաղաքական խաբեության էլեմենտ, և դրա համար ևս այս կառավարությունը պետք է ունենա պատասխանատվություն և արժանապատվություն, ու վաղուց հրաժարական տված լիներ։ Իսկ ոչիշխանական 4 խմբակցություններին հետաքրքրում է երեք հարց՝ որտեղի՞ց է գոյացել այդ 300 մլն դոլար պարտքը, որը հիմա բերում եք և ուզում եք «սպիսատ անել»։ Ինչո՞ւ է այդքան մեծ տարբերություն սահմանին գազի գնի և սպառողին հասնող գնի միջև։ Ինչո՞ւ կնքվեց մի պայմանագիր, որը մինչև 2043թ. մեզ դարձնելու է պատանդ՝ սահմանափակելով ինչ–որ փոփոխություններ կատարելու հաջորդ խորհրդարանի քայլերը։

Ն. Զոհրաբյանի համոզմամբ՝ սրանք հարցեր են, որոնց պատասխաններն իրավունք ունի ստանալ ՀՀ քաղաքացին։ Այն քաղաքացին, որը հունվարի առաջին օրերին մոլորված կանգնած էր դրամարկղերի մոտ և չէր կարողանում վճարել իր սպառած գազի դիմաց։

–Ես հասկանում եմ, որ այս կառավարությանը դա բացարձակապես չի հուզում, որովհետև այս կառավարության քաղաքական մոտիվացիաները բոլորովին այլ են. նրանք որևէ առնչություն չունեն ՀՀ շահի և իրավունքի հետ։ Ժամանակն է՝ քաղաքական այն ուժերը, որոնք մտահոգ են երկիրն այս վիճակից դուրս բերելու հարցով, իրապես ձեռնարկեն կոնկրե՛տ քայլեր, այլապես վաղը ուշ է լինելու,–եզրափակել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը