Լրահոս

27.03.2014 15:12


Վահան Բաբայան. «Վաղվանից սկսվում է անվստահության գործընթացի մեկամսյակը»

Վահան Բաբայան. «Վաղվանից սկսվում է անվստահության գործընթացի մեկամսյակը»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ

–ԱԺ հայտարարությունների ժամին միասնական պլատֆորմ ստեղծելու կոչով դիմեցիք հասարակական կազմակերպություններին և երիտասարդական շարժումներին։ Մինչ այս պահը ինչպիսի՞ արձագանքներ կան։

–Երկու օրվա ընթացքում արդեն մոտ երկու տասնյակ ՀԿ–ներ են արձագանքել, իսկ մարտի 28–ին կայանալիք առաջին նիստում կոչին միացած ՀԿ–ները կհայտարարեն, որ դռները բաց են նաև մյուս բոլորի համար։ Կարծում եմ՝ թվաբանական պրոգրեսիան ակնհայտ կլինի։

–Միայն ՀԿ–նե՞րն են արձագանքել։

–Միանում են նաև ուսանողական խմբեր, նախաձեռնություններ, անհատներ, և, ընդհանրապես, կարևոր էլ չէ նրանց քանակը։ Կարևորը որա՛կն է, քանի որ Հայաստանում կա երկու տեսակի ՀԿ՝ մի մասը վերցնում են զուտ դրամաշնորհներ, և թղթի վրա են, իսկ երկրորդ մասը քաղաքացիներ են, ովքեր, թեկուզ և հնարավոր է՝ դրամաշնորհներ շահեն, բայց իրական գործունեություն են ծավալում, իրական մարդիկ են և երկրի ապագայով մտահոգ։ Մենք նախընտրում ենք աշխատել երկրորդ տարբերակի հետ. առաջին խումբը զուտ թղթեր են, իսկ թղթերի հետ մենք չենք աշխատում, մենք մարդկանց հետ ենք աշխատում։

–Միասնական պլատֆորմ ստեղծելու բուն նպատակը ո՞րն է։

–Երիտասարդությունը և հատկապես ուսանողությունը պետք է մասնակից դառնան ներքաղաքական գործընթացներին։

–Այսինքն՝ քաղաքականացվե՛ն։

–Այո՛, ինչու ոչ։ Եթե չորս ոչիշխանական ուժերը խորհրդարանում բարձրացնում են կառավարության անվստահության հարցը, ապա դա հասարակությունում իր արտացոլանքը պետք է ունենա։ Չի կարող խորհրդարանում մի բան կատարվել, իսկ երկրի ամենաշահագրգիռ զանգվածը՝ երիտասարդությունը, պասիվ նստի։ Եվ այնպես էլ չէ, որ երիտասարդությունը պասիվ է. երիտասարդության մասնակցությունը քաղաքական նախաձեռնություններին բավականին մեծ է։ Պարզապես, եթե լինեն ճիշտ գործիքներ, այդ նախաձեռնությունները կհամախմբվեն, և, ի վերջո, կսկսվի, երիտասարդության հետ հաշվի նստելու գործընթացը։

–Կարելի՞ է ասել, որ երիտասարդական միասնական այդ պլատֆորմի օրակարգային միակ հարցը կառավարության հրաժարականն է, իսկ վերջնական հանգրվանով նաև՝ ամբողջական իշխանափոխությունը։

–Առաջնահերթ հարցը կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին աջակցությունն է։ Թե դրան ի՞նչ քայլեր կհաջորդեն, ցույց կտան ժամանակը և իրավիճակը։ Մենք պետք է ունենանք ստրատեգիա և դրանով շարժվենք։ Հիմա ես չեմ ուզում շատ փակագծեր բացել. ամեն ինչ արվելու է քայլ առ քայլ։

–Ի՞նչն առիթ հանդիսացավ, որ նմանատիպ կոչ հնչեցնեք։

–Հասարակական պասիվ մոտեցումները. տեսնում էինք, որ կա ակտիվության ձգտում, բայց կազմակերպվածության առումով պասիվություն է։ Կարծում եմ՝ հասարակության պահանջն այն է, որ այդ գործընթացը կազմակերպվի, իսկ կազմակերպելը մեզ մոտ լավ է ստացվում։ Կկազմակերպե՛նք։ Իսկ այս ամենի հիմքում, բնականաբար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ համախմբման, կոնսոլիդացիայի կոչն է։ ԲՀԿ 7–րդ համագումարում պարոն Ծառուկյանն իր ելույթում հստակ նշեց, որ պետք է լինի համախմբման գործընթաց, և մեկ կուսակցություն չի կարող պետությունն այս վիճակից հանել։ Նա իր ելույթներում նաև միշտ շեշտել է, որ երիտասարդությունն էլ պետք է համախմվի։ Մեր երկրի ապագայի հարցն է այստեղ, և յուրաքանչյուր երիտասարդ, ով դժգոհ է այսօրվա վիճակից, պատրաստ է միանալ և պայքարել։ Հաշված օրերի ընթացքում ակտիվությունն արդեն ակնհայտ է, և միասնական պլատֆորմ ստեղծելու կոչն իսկապես ժամանակին էր։ Վաղվանից սկսվում է անվստահության գործընթացի մեկամսյակը, սպասենք և տեսնենք, թե այն ինչ ավարտ կունենա։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը