Մեկնաբանություն

10.04.2014 13:05


Սերժ Սարգսյանն ինքնաքննադատվում է՝ վերարտադրվելու նպատակով

Սերժ Սարգսյանն ինքնաքննադատվում է՝ վերարտադրվելու նպատակով

Այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի չափազանց ուշագրավ նախագիծը։

Առաջին հայացքից էլ պարզ է, որ այն միտված է Սերժ Սարգսյանի վերարտադրության ապահովմանը։ Ավելի ազնիվ լիենելու դեպքում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը պետք է անվանեին «Սերժ Սարգսյանի վերարտադրության ճիգ»։ Եվ հատկանշական է, որ վերարտադրվելու ճանապարհին Սերժ Սարգյանը չի խորշում և ոչ մի միջոցից՝ անգամ ինքն իրեն քննադատելուց և սեփական աշխատանքը վատ գնահատելուց։

Այդ «ճիգ»–ով մասնավորապես սահմանվում է, որ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից։ Իսկ որպես հիմնավորում՝ բերվում է հետևյալը՝

«Նման կարգով ընտրված հանրապետության նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։ Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ»։

Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր «Վերարտադրության բարեփոխումների հանձնաժողովի» հետ միասին, ընդունում է, որ ինքն այժմ լիարժեք կերպով չի՛ ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները, նրա հիմնական առաքելությունը չի՛ եղել Սահմանադրության պահպանմանը հետևելը, արդյունավետ չի՛ գործադրել հակակշռող և զսպող լիազորությունները, անաչառ չէ՛, առաջին հերթին չի՛ կատարում հաշտարարի ու միջնորդի դերը, քանի որ չունի՛ երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։

Այո՛, այո՛, ինչե՜ր ասես, որ չես անի իշխանության աթոռին վերարտադրվելու և ֆինանսական հոսքերից չկտրվելու համար։ Ու այս ամենը՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ։

Մնացածն արդեն ՀՀ քաղաքացիների ու նրանց շահերը ներկայացնող քաղաքական ուժերի ձեռքում է՝ կթույլատրե՞ն «Վերջի բոլշևիկին» կյանքի կոչել իր «մանկության երազանքը», թե՞ նրան կուղարկեն պարտադրված հանգստի։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը