Մեկնաբանություն

11.04.2014 11:05


Էս չեմ ուզում, էն չեմ ուզում, ամեն ինչ եմ ուզում

Էս չեմ ուզում, էն չեմ ուզում, ամեն ինչ եմ ուզում

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար»,– սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հանտարարել է Սերժ Սարգսյանը:

Ճիշտ է, հայտարարությունն արված է կոմերիտական կամ պիոներական երդման ոճով, բայց դա էական չէ:

Զարմանալին այն է, որ Սերժ Սարգսյանը կարծես գործ ունի ապուշների ու տհասների հասարակության հետ, որի առջեւ երդվում է այլեւս երբեք չառաջադրվել նախագահի պաշտոնում:

Երբ գործող Սահմանադրությունն արգելում է նախագահի պաշտոնում նույն անձի երրրորդ ժամկետում առաջադրվելը, իմաստ ո՞ւնի երդվել, թե այլեւս երբեք չեմ առաջադրվելու:

Բայց սա էլ համարենք ոչ այնքան կարեւոր:

Շատ ավելի կարեւոր է նկատել այն, որ ինչպես «կուտակայինի» հարցով ՍԴ որոշումը, այնպես էլ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հարմարեցված է օրվա կոնյունկտուրային։

Դե, իհարկե, եթե մի գործ վստահվում է Գագիկ Հարությունյանին, ապա նրանից չպետք է սպասել հստակ, որոշակի, պարզ ու հասկանալի փաստաթուղթ:

Ահա նա հիմա էլ գլխավորում է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը եւ Սերժ Սարգսյանի հետ որոշել է կազմակերպել հայեցակարգի նախագծի շնորհանդեսը:

«Հայեցակարգի նախագիծը» մի կերպ հասկանալի է, իսկ ինչ է նշանակում «նախնական հայեցակարգի նախագիծ»: Մի՞թե երկրում էլ բան ու գործ չկա, որ պետք էր անհապաղ ներկայացնել ինչ-որ հում կամ սեւագիր մի փաստաթուղթ, որի բովանդակությունը չափազանց մշուշոտ է և տողատակային:

Նախ կարծես թե ասվեց, որ այդ «նախնական նախագիծը» միտված է երկրի կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարի իրագործմանը:

Սակայն բավական էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ իրեն դուր չի գալիս կառավարման խորհրդարանական համակարգը եւ դրա ընտրության դեպքում ինքը վարչապետի պաշտոնի չի հավակնելու՝ մեր ժամ անց Գագիկ Հարությունյանը «ոտքի վրա» սրբագրեց «նախնական նախագիծը» եւ հայտարարեց. «Նախագծով չի նախատեսվում անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Առաջին հերթին նախատեսվում է բարեփոխել գործող համակարգը և դրա վերաբերյալ առաջարկվում են կոնկրետ մոտեցումներ: Նախագծում մանրամասն ներկայացված են առկա խնդիրները և դրանց լուծման ձևերը: Միաժամանակ հանձնաժողովի անդամների կողմից առաջ քաշվեց նաև այն մոտեցումը, որ կան խնդիրներ, որոնք ավելի արդյունավետ կարելի է լուծել կառավարման այլ համակարգի պարագայում: Կան նախագահական երկրներ, որոնք արդյունավետ կարողանում են լուծումներ գտնել, և հակառակը՝ առաջանում են լուրջ խնդիրներ»:

Եթե նման բան չի նախատեսվում, ապա ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը հուզաթաթախ ճառ արտասանում, թե էս պաշտոնն էլ չեմ ուզում, էն պաշտոնն էլ չեմ ուզում:

Ինչի համար էր այդ «դրամատիկ» մենախոսությունը:

Ինչեւէ, հունիսին, երբ նախագիծը ներկայացվի հանրային քննարկման, հնարավոր է այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ իրեն դուր է գալիս կառավարման խորհրդարանական համակարգը, իսկ Գագիկ Հարությունյանն էլ հնարավոր է ասի, որ նախագծով չի նախատեսվում գործող համակարգի պահպանում:

Եվ այսպես մինչեւ 2015-ի վերջ կամ 2016-ի սկիզբ, երբ նախատեսված է սահմանադրական փոփոխությունների փոփոխությունների հանրաքվե:

Պարզ է, որ սույն «բարեփոխումներով» փորձ է արվում ՀՀ նախագահի եւ վարչապետի ինստիտուտներն ստորադասել ԱԺ նախագահի ինստիտուտին: Իսկ Սերժ Սարգսյանն էլ իրեն տեսնում է ԱԺ նախագահի աթոռի միակ հավակնորդի դերում:

Պարզ է նաեւ, որ սահմանադրական «բարեփոխումների» նախաձեռնությունն այսօր տասներորդական նշանակություն ունի, քանզի երկրում այնքան խնդիրներ կան կուտակված, որ դրանք թողած՝ կարեւորել այդ հարցը՝ միանգամայն անիմաստ ու անհեթեթ զբաղմունք է: Հանրությունն հաստատապես այդպես է կարծում եւ համոզված է դրանում:

Բնականաբար, Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի համար դա «սուրբ» գործ է, քանզի վերարտադրվելու շանս են ստանում:

Հետեւաբար, նրանց ընդդիմախոսների եւ հանրության թիվ մեկ խնդիրը լինելու է այդ նախաձեռնության կասեցումը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը