Քաղաքական

15.04.2014 14:08


Լյովա Խաչատրյան.«Որևէ մեկը չի կարող կապել ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը»

Լյովա Խաչատրյան.«Որևէ մեկը չի կարող կապել ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը»

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը խոսել է վերջին քաղաքական իրադարձություններից: Անդրադառնալով նոր կառավարության ձևավորմանն ու վարչապետի նշանակմանը՝ նա ասել է. «Բարգավաճում անձերի խնդիր չի դրվել, չի քննարկվել։ Մեզ հետաքրքրում են ծրագրերը և ծրագրերի իրականացմանը հետամուտ լինելը, որովհետև կապ չունի՝ ով կգա։ Կկարողանա կազմել ծրագիր ու հետամուտ լինել այդ ծրագրերի իրականացմանը։ Խնդիրները շատ են, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք ամբիոնից մինչ վարչապետի փոփոխությունը, չենք թաքցրել մեր մտահոգությունը, քննադատել ենք։ Քննադատությունը մեզ համար ինքնանպատակ չէ. կլինի ծրագիր, կլինի ծրագրի իրականացում, կտանք գնահատականներ։ Առայժ մենք գնահատականներ չունենք»։

Անդրադառնալով երկրի տնտեսական իրավիճակին՝ բանախոսն ասել է, որ քաղաքական չորս ուժերն իրենց ծրագիրը կներկայացնեն, որն արդեն ներդրում է՝ նպաստելու երկրի տնտեսության զարգացմանը։

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանին նշանակել են, որ ԲՀԿ–ի ձեռքն ու ոտքը կապե՞ն, ԲՀԿ-ականը պատասխանել է. «Չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ ձևով կարող է կապել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ոտքն ու ձեռքը»,–ապա հավելել, որ ԲՀԿ–ի ոտքն ու ձեռքը միայն մեկ դեպքում կարող են կապել՝ լավ գործողություններով և դրանց արդյունքները տեսանելի դարձնելով:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը, պատգամավորը մանրամասնել է. «Ի՞նչ է նշանակում՝ վարչապետը սայթաքեց... երբ բիոզուգարաններ էր բերում, վարչապետը չէր հասկանո՞ւմ, որ այդ գումարը կարելի է ուղղել, ասենք, Վարդենուտի 70-հազարանոց ջրամբարի կառուցմանը, որը մի քանի գյուղ կարող էր ոռոգել...»։

Պատգամավորը հիշել է նաև այն 17 մլն–ի մասին, որը կառավարության կողմից ուղղվել էր գյուղացիների համար կովերի պտուկները լվանալու մասին դասախոսություններ կարդալուն։ Այդ գումարով, նրա խոսքերով, կարելի էր ավելացնել սուբսիդավորվող վարկերի թիվը։

Բանախոսը նշել է, որ նոր կառավարության առաջնային քայլը պետք է լինի նման դեպքերի վերանայումը: Նոր ձևավորվող կառավարությունը պետք է բյուջեում փոփոխություններ մտցնի բոլոր այն հարցերում, որոնք քննարկումների ժամանակ կետ առ կետ բարձրացնում են ԲՀԿ–ն և մյուս քաղաքական ուժերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը