Մեկնաբանություն

16.04.2014 10:50


Պետական բյուջեն հասանելի է, կաշառքը՝ թույլատրված

Պետական բյուջեն հասանելի է, կաշառքը՝ թույլատրված

Հետաքրքիր է, ի՞նչ է անելու Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում, եթե նրան արգելել են Տիգրան Սարգսյանի թալանի մասին բարձրաձայնել ու հիմնավորել, թե ինչու ինքը չի կարող արագ արդյունքներ ցույց տալ, հանձնարարել են շարունակել իր նախորդի «բարեշրջումները», պահանջում են հարձակվել ՀԱԿ–ի վրա, տալիս են կադրային հարցերում ազատություններ, բայց վերանշանակում են ձախողված պաշտոնյաներին, կասկածներ են հայտնում ներթիմային թեմաներով ու դեռ մի բան էլ ակնարկում են, որ խոշորացույցով հետևելու են, որ բյուջեն անձեռնմխելի մնա, այսինքն՝ ուզում են ասել, որ «կեղտ» են ման գալու՝ կալանավորելու համար։

Մինչ Աբրահամյանը կփորձի հարմարվել իր նոր աթոռին, անհարմար դրության մեջ է հայտնվել մեր պետությունը։

Պարզվում է, նախորդ վարչապետի օրոք «ատկատը», բյուջետային միջոցների մսխումը և կեղծ «տենդերների» կազմակերպումը սարսափելի չափերի էին հասել այն պարզ պատճառով, որ Տիգրան Սարգսյանին մոռացել էին զգուշացնել, որ պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված։

Տիգրան Սարգսյանն էլ բռնել ու բյուջետային միջոցների 2/3–ը դրել էր կոռուպցիոն ռիսկի տակ (ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության)։

Սերժ Սարգսյանը հետագայում նախատեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին բացբերանության համար, ինչը նշանակում էր, որ Տիգրանը կարող է շարունակել «պետականաշեն» աշխատանքը։ Ու դեռ երկար կշարունակեր, եթե երկու վախը մի մահ չլիներ։

Հիմա Հովիկ Աբրահամյանին ասում են, որ այն ինչ թույլատրված էր կամ արգելված չէր Տիգրան Սարգսյանին, արգելված է իր համար, իսկ այն ինչ հասանելի էր նույն Տիգրան Սարգսյանին, անձեռնմխելի է լինելու Հովիկ Աբրահամյանի համար։

Իհարկե լավ է, որ պետական բյուջեի անձեռնմխելիության ու կաշառքի արգելման «միամսյակ» է հայտարարված, բայց վատ է, որ նոր են գլխի ընկել այդ մասին։ Եթե շուտ ասած լինեին, որ բյուջեն անձեռմխելի է, ապա երկիրն այս վիճակում չէր լինի և կաշառակերությունն էլ վաղուց վերացած կլիներ։

Բայց ինչպես ասում են, լավ է ուշ, քան ավելի ուշ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը