Մեկնաբանություն

17.04.2014 11:35


ՕԵԿ–ը լքում է խորտակվող նավակը

ՕԵԿ–ը լքում է խորտակվող նավակը

ՕԵԿ–ի կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ հիմնականում երեք վարկած է շրջանառվում՝

1.ՕԵԿ–ին իշխանությունը «պասլատ» արեց՝ չցանկանալով այլևս պաշտոններ հատկացնել այդ ուժին, այսինքն՝ ՕԵԿ–ին հեռացրին կոալիցիայից, այլ ոչ թե ՕԵԿ–ը հեռացավ (այս վարկածով ստացվում է, որ Բ26–ը «քցում» է Արթուր Բաղդասարյանին, քանզի «բարոյական քաղաքական ուժի» կարիքն այլևս չի զգում),

2.ՕԵԿ–ին գործուղել են ընդդիմադիր դաշտ՝ ջուր պղտորելու, Հովիկ Աբրահամյանի դեմ աշխատելու և պոպուլիզմի միջոցով Սերժ Սարգսյանի հակառակորդների դեմ պայքարելու համար (ըստ այս վարկածի՝ Սերժ Սարգսյանի մոտ կադրային դեֆիցիտ է ոչ միայն կառավարության անդամներ, այլ նաև հաճախորդներ գտնելու հարցերում, և այդ իսկ պատճառով մարտի են նետվել հին ու «պայթած» հաճախորդները),

3.ՕԵԿ–ը սեփական ցանկությամբ է դուրս եկել իշխող կոալիցիայից, քանզի հասկանում է, որ իրականում ոչ թե կոալիցիոն գործընկեր է, այլ ՀՀԿ–ի կցորդ, և, բացի այդ, տեսնում է, որ իշխանական բուրգը փլուզվում է, ու չի ուզում մնալ փլատակների տակ (ՕԵԿ–ից չեն էլ թաքցնում, որ նոր վարչապետի պաշտոնում տեսել են Արթուր Բաղդասարյանին, ու երբ մերժում են ստացել, որոշել են տեղափոխվել ընդդիմադիր դաշտ՝ «մեկ էլ տեսար՝ կպավ» տարբերակով շանս ստանալու համար)։

Թե որ վարկածն է իրականում ՕԵԿ–ի որոշման հիմքում ընկած, էական չէ (ես կարծում եմ, որ գործ ունենք 3–րդ տարբերակի հետ)։ Այն, ինչ տեղի ունեցավ 2008–ին ու դրանից հետո, այդ կառույցին ֆունդամենտալ հարված է հասցրել, ու ռեաբիլիտացիան գիտաֆանտաստիկայի ոլորտից է։ Բայց թողնենք Արթուր Բաղդասարյանին ու նրա քաղաքական ուժին։

Տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանին լքում է անգամ Արթուր Բաղդասարյանը։ Այսինքն, կոալիցիայից մնում է միայն ՀՀԿ–ն, այն էլ՝ պառակտված վիճակում (հուսով ենք, որ ՀՅԴ վերնախավում հասկանում են, թե ինչպիսի հետևանքներ կլինեն իրենց համար, եթե իշխող կոալիցիայում ՕԵԿ–ին փոխարինի ՀՅԴ–ն

Եվ այսպես, իշխող բուրգն ինքնաոչնչացման է գնում (Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուն պես, երիտօլիգարխիային պատկանող քարոզչամեքենային «քսի» է տվել նույն Հովիկ Աբրահամյանի դեմ), իսկ ՕԵԿ–ը, որպես սպասվող ավերածությունները բնազդով զգացող կառույց, առաջինն է լքում խորտակվող նավակը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը