Լրահոս

17.04.2014 21:00


Մանվել Բադեյանը չի ցանկացել որևէ մեկին վիրավորել

Մանվել Բադեյանը չի ցանկացել որևէ մեկին վիրավորել
«Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի վերաբերյալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի:
Այս մասին, ի պատասխան «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, հանձնաժողովի այսօրվա դռնփակ նիստից հետո հայտնեց հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը:
Ըստ նրա` Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանը, ինչպես բազմիցս, այդ թվում` նաև հրապարակային պարզաբանումներ է տվել` հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումի հետ կապված, այսօր ևս հանձնաժողովին ներկայացրեց իր բոլոր մեկնաբանությունները, պարզաբանումները, փաստարկները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դիմող կողմի ներկայացուցիչները հանձնաժողովին արդեն իսկ պարզաբանումներ տվել են: Հանձնաժողովի ապրիլի 1-ի դռնփակ նիստից հետո «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ղեկավար Բորիս Մուրազին, լրագրողներին հայտնել էին, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է. պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը՝ դրսևորելով անթույլատրելի պահվածք, որին իրենք հենց նույն օրը գնահատական տվել են: Այժմ իրենք ակնկալում են լսել ԱԺ խմբակցությունների գնահատականը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԺ միջանցքում ՝ ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցի, պատգամավորը հունից դուրս էր եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտե՞նց եք մտածում»:
Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։ Միջադեպից կարճ ժամանակ անց եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Նրանք պատգամավորի համար զուգարանի թուղթ էին բերել, ինչպես նաև՝ թղթի վրա նկարված էշ՝ նշելով. «Նա մի ամբողջ ազգի որակում է տվել, որը հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին»:
Սակայն, ինչպես Էթիկային հանձնաժողովի այսօրվա նիստում պարզաբանումներ տալուց հետո «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, ինքը հանձնաժողովին դիմած երիտասարդների հետ հանդիպել է, պարզաբանումներ տվել է: «Իրանք բավարարված են, քանի որ ընկալումը կա, որ ես միտում չեմ ունեցել որևէ մեկին վիրավորել: Ավելին` ես միշտ ջատագովն եմ եղել ցանկացած ժողովուրդների բարեկամության, ինչի մեջ ինձ լրագրողները մեղադրել են»:
Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը