Կարծիք

19.04.2014 08:28


Խորհուրդ Սերժ Սարգսյանի խորհրդատուներին՝ թույլ մի՛ տվեք նա խոսի

Խորհուրդ Սերժ Սարգսյանի խորհրդատուներին՝ թույլ մի՛ տվեք նա խոսի

Սերժ Սարգսյանը չի հասկանում, կամ, ավելի ճիշտ, ձևացնում է, թե չի հասկանում վերջին 3-4 տարիներին առաջին գծում լարվածության ավելացման պատճառը։ ՊՆ–ում բեմադրված հերթական ինքնաասուլիսի ժամանակ նա «խատուտիկային միամտությամբ» հարցրեց՝ կա՞ արդյոք մեկը, ով այսօր, առանց աչքերը գետնին հառելու, կպնդի, որ հայ–թուրքական արձանագրությունները վնասել են ԼՂ–ի խնդրի լուծմանը։
Ու վայրկյաններ անց, առանց աչքերը գետնին հառելու, հենց իր շուրթերով բերեց այդ վնասի ապացույցը. «Ինչու՞ վերջին երեք-չորս տարիների ընթացքում լարվածությունն առաջին գծում այդքան բարձրացավ: Այսինքն՝ մի ճակատում տեսնում են, որ հաջողություն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանն ասել, որ, միևնույնն է, մենք ուզում ենք, որպեսզի խնդիրն այսպես լուծվի»։
Բա սրանից էլ լավ հիմնավորո՞ւմ. պարզ չի՞, որ եթե չլիներ Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը և, ի սկզբանե, սխալ հաշվարկների պատճառով հայ–թուրքական արձանագրություններն այսօր փակուղի մտած չլինեին (ինչն անձամբ հենց ինքն է խոստովանում), սահմանին լարվածությունը չէ՛ր ավելանա։
Կամ եթե գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր (ինչպես պնդում է Սերժ Սարգսյանը), բա էլ ինչի՞ «ջուրը չտեսած՝ բոբիկացավ» ու առանց սահմանը բացվելու՝ գնաց Թուրքիա՝ Հայաստանի դարպասին էլ «գոլ» ուտելուց «մին լյավ» ուրախացավ։
Կամ էլ՝ Հայաստան եկած Գյուլի օժանդակությունը՝ ԼՂ–ի հարցով, ո՞վ սիրով ընդունեց ու մի բան էլ հայտարարեց. «Միայն հիմար մարդը կհրաժարվի օժանդակությունից»։ Սերժ Սարգսյանը թերևս «մոռացել» է, որ դա հենց ի՛նքն էր, այլ ոչ թե նրա «ֆեյքը», ու հենց Սերժ Սարգսյա՛նն այդ հայտարարությամբ ԼՂ–ի հարցում թուրքերին «էստի՜ համեցեք» արեց։
Հարցնում է՝ ինչու՞ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը. «Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շա՞հը: Թե՞ թուրքերը մեզ խղճում են, ասում են՝ հայերը սխալվել են, այս անգամ հայերին ներենք»։
Ես էլ ուզում եմ հարցնել՝ իսկ Սերժ Սարգսյանը հայերի շահը գիտի՞, թե՞ իր մոտ «ի՛մ շահը՝ հայերի շահն է» սկզբունքն է գործում։
Վերջում մի խորհուրդ Սերժ Սարգսյանի խորհրդատուներին՝ թույլ մի՛ տվեք նա խոսի, թե չէ ամեն անգամ իր իսկ դեմ «ցուցմունքներ» է տալիս։ Ավելի լավ է լռի՛, լռելու համար շատ խելք պետք չէ։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը