Լրահոս

19.04.2014 10:37


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը.ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» թեմայով: Գիտաժողովը տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նորակառույց գիտաժողովների դահլիճում ս.թ. ապրիլի 21-ից 22-ը` ժամը 10:30-ին:

Գիտաժողովում զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լեհաստանից և ԱՄՆ-ից:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցողները կանդրադառնան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի զորակոչին, նրանց զինաթափմանը , երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը , պանթուրքիստական ցանցի գործունեությանը, օտարազգի լրագրողների գործունեությանը, հայերի ինքնապաշտպանական մարտերին, պատերազմող երկրների դիվանագիտության դերին, վկայություններին, հայ կամավորական շարժմանը, հայ գաղթականությանը և վերապրողներին առնչվող հարցերին:

Պատմական ակնարկ . Կովկասյան ռազմաճակատը, որտեղ ծավալվում էին լայնածավալ որոշիչ ռազմական գործողություններ, մոտ լինելով մերձավորարևելյան ճակատին, կենտրոնացրել էր բավական մեծ ռազմական ռեսուրսներ` ըստ այդմ ունենալով որոշակի ազդեցություն պատերազմի վերջնական ելքի վրա:

Երիտթուրքերի կառավարությունը, օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, իրագործեց հայերի` նախապես ծրագրած ցեղասպանությունը ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության ողջ տարածքում, ինչպես նաև Կովկասի և Հյուսիսային Իրանի շրջաններում: Կոտորածների ու բռնագաղթի ենթարկվեց տարածաշրջանի հույն, ասորի և եզդի բնակչությունը:

Կովկասյան ճակատի պատերազմական գործողությունների ընթացքում մարդասիրական օգնությանը և փախստականների բազմաթիվ խնդիրներին առնչվող հարցերն առանցքային էին, քանի որ այստեղ էին կենտրոնացել թուրքական կոտորածներից փրկված մեծ թվով փախստականներ, ովքեր գաղթել էին նահանջող ռուսական զորքերի հետ: Մարդասիրության ճգնաժամի պայմաններում գործում էին բազմաթիվ հայկական, ռուսական և ամերիկյան մարդասիրական կազմակերպություններ (Մոսկվայի հայկական կոմիտե, Համառուսաստանյան քաղաքների միություն, Ռուսական «Կարմիր խաչ», Տատյանինյան կոմիտե, Ամերիկյան նպաստամատույց և այլն) :

Այս խորագրի վերջին նյութերը