Մեկնաբանություն

19.04.2014 11:05


Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մենակ մնաց

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մենակ մնաց

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտը լայնածավալ փոփոխությունների է ենթարկվում: Քաղաքական բոլոր սուբյեկտները վերադասավորվում են դաշտում:

ՕԵԿ-ը հայտարարել է, որ դուրս է գալիս կոալիցիայից, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մաս չկազմել նոր ձևավորվող կառավարությանը: ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ավելի վաղ հայտարարել էին, որ կոալիցիային չեն միանալու:

Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «ՀՀԿ-ն միայնակ և ժողովրդի հետ կառավարություն կկազմավորի»:

Հասկանալի է, որ ՀՀԿ-ը չի կարող ժողովրդի հետ իշխանություն ձևավորել, որովհետև հանրային աջակցություն չունի: Եթե հանրային աջակցություն ունենար, ապա ընտրությունները չէին կեղծի: Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ հանրության 80 տոկոսը դեմ է իրենց վարած քաղաքականությանը։

Հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ փաստացի մի կողմում ՀՀԿ-ն է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ մյուս կողմում՝ հանրությունը և քաղաքական ուժերը: Քաղաքական նոր իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է հետ գնալ ու տեսնել, թե Սերժ Սարգսյանը ինչպիսի քաղաքականություն է որդեգրել, որն էլ բերել է նման արդյունքի:

2008թ. Սերժ Սարգսյանը, պաշտոնը զբաղեցնելուց հետո, ընտրեց կառավարման մի մոդել, որի հիմնական նպատակն է կենտրոնացնել երկրի ֆինանսատնտեսական ամբողջ ռեսուրսները մեկ մարդու ձեռքում:

Այդ նպատակին հասնելու համար նա ինտենսիվ կերպով սկսեց օգտագործել պետական ինստիտուտները: Նախ նա թիրախ դարձրեց միջին խավը: Տիգրան Սարգսյանն իր հայտնի հարցազրույցում ասել էր, որ միջին խավը պետք է արտագաղթի, քանի որ մնալու դեպքում կարող է հեղափոխություն անել: Քանի որ միջին խավը կազմակերպված չէր, Սերժ Սարգսյանը շատ հեշտ ձևով կարողացավ հաղթանակ տանել նրա նկատմամբ: Այդ հաղթանակի արդյունքը եղավ այն, որ միջին խավը հիմնականում արտագաղթեց։

Սերժ Սարգսյանը նաև հարձակում սկսեց դեպի խոշոր կապիտալը իր ձեռքում կուտակած խավը: Նա ուզում է կուլակաթափության միջոցով տիրանալ երկրի ամբողջ կապիտալին, որն էլ թույլ կտա նրան Սահմանադրական և այլ փոփոխությունների միջոցով հավերժ ղեկավարել Հայաստանը:

Հայտնի խոսակցությունները Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ, որ նա բոլոր բիզնեսներում մասնաբաժին է վերցնում, խոսում է վերը նշած տնտեսական մոդելի մասին: Նման քայլերը կամայական չեն, այլ նպատակաուղղված վարքագիծ՝ ընտրված մոդելի շրջանակներում:

Միջին խավի մեծ մասը արտագաղթեց, իսկ կապիտալն իր ձեռքում կուտակած խավը նույն քայլին չդիմեց, որովհետև ֆինանսական ու գույքային կապիտալի հետ արտագաղթելը ավելի դժվար է: Այդ իսկ պատճառով այդ խավը սկսեց ելքեր որոնել: Ելքերի որոնման արդյունքում ստեղծվեց ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի համագործակցությունը, որին նաև միացան ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»։ Նրանց շահերը սկսել են համապատասխանել, քանի որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը վտանգ է ներկայացնում բոլորի համար:

Նրա քաղաքականությունը նույնիսկ վտանգ է ներկայացնում յուրայինների համար: Վերջերս լուր է տարածվել այն մասին, որ միայն «Ռոսնեֆտն» է Հայաստան նավթ ներմուծելու, իսկ նախկին ներմուծողները միայն գնելու ու վերավաճառելու են:

Սերժ Սարգսյանի ընտրած տնտեսական մոդելը հանգեցրել է այսօրվա իրավիճակին, որի արդյունքում քաղաքական ուժերը լքել են կոալիցիան և հետո պայքար սկսել նրա դեմ:

Ընտրված տնտեսական մոդելի արդյունքում Սերժ Սարգսյանը մենակ է մնացել քաղաքական դաշտում: Նրա ստեղծած մոդելի վտանգը ամբողջությամբ չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր ուժերը միավորվեն և արտահերթ ընտրությունների միջոցով քաղաքական դաշտից հեռացնեն Սերժ Սարգսյանին:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը