Լրահոս

19.04.2014 13:04


Տիրան Լոքմագյոզյան. «Մենք խնդիր ունենք կազմակերպված լինելու»

Տիրան Լոքմագյոզյան. «Մենք խնդիր ունենք կազմակերպված լինելու»

Այսօրվա ասուլիսին «Ակօս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը լրագրողներին հայտնել է, որ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իրականացվող ծրագրերն ավելի նման են պարտականության, որի անվան տակ բյուջեից գումարներ են կորզում. «Մենք խնդիր ունենք կազմակերպված լինելու: Ունենք տարբեր կառույցներ՝ Ցեղասպանության թանգարանը, Երևանի պետական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, որոնք բոլորն էլ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են, բայց նրանց կոորդինացնող մի կառույց չկա. պետությունը հստակ ռազմավարություն չունի: Պետական այրերն այսօր հստակ պատկերացում ու քաղաքականություն չունեն Ցեղասպանության հարցի հետ կապված: Երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ տարբեր դիրքորոշում է հայտնել Ցեղասպանության հարցի շուրջ, իսկ թուրքերը՝ հակառակը»:

Տիրան Լոքմագյոզյանն անհանգստություն է հայտնել՝ կապված թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհի ազգային արխիվների ուսումնասիրության հետ. «Աշխարհում կան օտար արխիվներ, որոնք ուսումնասիրված չեն, դրանք պետք է ուսումնասիրել, և հնարավոր է՝ արժեքավոր փաստեր գտնվեն: Բայց մենք մեր ազգային արխիվն ամբողջությամբ չենք ուսումնասիրել, միայն վերջերս որոշ ուսումնասիրությունների մասին գրքեր հրատարակվեցին, բայց դա քիչ է»։

Խաչատուր Մարոզյանն էլ՝ «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահը, հավելել է, որ Հայաստանը պետք է Հայոց ցեղասպանության հարցով դիմի միջազգային քրեական դատարաններ, և հարցն այդտեղ լուծի. «Մենք կոչ ենք անում ունենալ սեղանին նոր հայեցակարգային մոտեցումներ, և դրանցից մեկն իրավական խողովակներով առաջ շարժվելն է: Քաղաքական ճանապարհով պետություններին կոչ անել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խնդրին լուծում չի բերում, քանի որ ցանկացած երկիր առաջնորդվում է իր երկրի շահերից ելնելով: Ցանկացած հանցագործություն իր պատիժը ստանում է դատարանում»,–ասել է բանախոսը՝ ընդգծելով միջազգային ցեղասպանագետների, իրավաբանների օգնության անհրաժեշտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը