Մեկնաբանություն

21.04.2014 21:35


Տիգրան Սարգսյանով հարցը չի փակվել

Տիգրան Սարգսյանով հարցը չի փակվել

Տիգրան Սարգսյանի հեռացմամբ ներքաղական ու սոցիալ–տնտեսական ճգնաժամը չի կարգավորվել։ Այն փոխակերպվել է։

Սերժ Սարգսյանը զոհաբերեց իր «թագուհուն», բայց հարցը «թագուհին» չէր։ Հարցը ստեղծված իրավիճակն էր ու վարվող քաղաքականությունը։

Եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հետ չպտտեցնի «կուտակայինը», չվերանայի տեսախցիկների ու արագաչափերի միջոցով բնակչությանը թալանող տուգանքների չափերն ու չփոխի 70/30 համամասնությունը, չեղյալ չհայտարարի փողոցում արված կարմիր կետագծերով նվաստացուցիչ թալանը, չթեթևացնի հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ և տնտեսական լարվածությունը մեղմելու մի շարք այլ գործողություններ չանի (ընդ որում՝ շատ արագ), ապա կրկին հրատապ է դառնում հրապարակի միջոցով «ռասկաչկայի» գնալու տարբերակը։

Կգնա՞ ընկալելի ու հանրության լայն շերտերի համար ընդունելի քայլերի Աբրահամյանը՝ դժվար է ասել։ Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը նրան ներկայացնելիս կոչ արեց շարունակել Տիգրան Սարգսյանի օրոք վարվող քաղաքականությունը։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը լավ չի հասկացել, թե ինչն ինչոց է։

Աբրահամյանը, «լռությունը համաձայնության նշան է» տարբերակով, չառարկեց ՀՀԿ ղեկավարին Տիգրանի «բարեշրջումները» շարունակելու մասով, սակայն իր քայլերով ցույց է տալիս, որ կարող է չգնալ այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ նրան ուղարկում է Սարգսյանը։

«Կուտակայինի» պահով նորանշանակ վարչապետի հրապարակային հավաստիացումները ցույց են տալիս, որ նա սեփական պատկերացումներն ունի վարվող քաղաքականության մասին, և այդ պատկերացումները տարբերվում են Ս. ու Տ. Սարգսյանների պատկերացումներից։

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն, կերևա շատ մոտ ապագայում։

Մեկ բան ամեն դեպքում հստակ է՝ եթե Հ. Աբրահամյանի կառավարությունը գնում է Ս. Սարգսյանի առաջարկած ճանապարհով, ապա շուրջօրյա հանրահավաքների հարցը կրկին հրատապ է դառնում, և նոր կառավարության ծրագրի մերժման պահանջով կարելի է ճգնաժամը հանգուցալուծել ԱԺ արտահերթ ընտրություններով՝ Սերժ Սարգսյանին հասկացնելով, որ հակառակ դեպքում առաջ կգա Յանուկովիչի տարբերակը։ Ոչիշխանական ուժերի օրակարգում հենց այս հարցը պետք է դրվի։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ատամ ցույց տա Սերժ Սարգսյանին ու դեմքով թեքվի դեպի հասարակությունը, ապա այդ դեպքում կգործի արդեն այլ սցենար։

Ի դեպ, Աբրահամյանն ընտրության լայն հնարավորություն չունի։ Նա կա՛մ պետք է կցվի Սերժ Սարգսյանին ու վերածվի Տիգրան Սարգսյանի՝ շատ ավելի ուժգին հարվածներ ստանալով բոլոր կողմերից, քան իր տխրահռչակ նախորդը, կա՛մ գնա հակառակ ուղղությամբ և կարևոր դերակատարում ստանձնի առաջիկա գործընթացներում։

Այս խորագրի վերջին նյութերը