Մեկնաբանություն

22.04.2014 11:25


ԱԺ նախագահացուները

ԱԺ նախագահացուները

Ազգային ժողովի նախագահի աթոռն ազատ է։ ժամանակավորապես այն զբաղեցնում է Էդուարդ Շարմազանովը, բայց դե, հույս ունի, որ չկա ավելի հավերժական բան, քան ժամանակավորը։

Շարմազանովն ԱԺ նախագահ դառնալու մեծ շանսեր ունի։ Նա, պատկերավոր ասած, նույնիսկ բարև տալուց առաջ օգտագործում է «Ինչպես ճիշտ նկատել է Սերժ Սարգսյանը ...» ձևակերպումը։ Դա շատ լուրջ փաստարկ է ՀՀԿ ղեկավարի համար։ Նա սիրում է, երբ իր անձը մեծարում են, իրեն քծնում են ու իր խոսքերից մեջբերում են։ Իսկ Շարմազանովն այդ գործի վարպետ է։

ԱԺ նախագահ դառնալու հաջորդ թեկնածուն Կարեն Կարապետյանն է՝ ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայրը։

Մամուլի հրապարակումները հաշվի առնելով՝ Կարենն այնքան էլ հակված չէ դրան։ Պատճառը, թերևս, տեխնիկական է։ Նա նիստերը վարելու հավես և կարողություն չունի։

Եթե Կարապետյանին առաջադրեն որպես ԱԺ նախագահ, ապա դա կլինի յուրօրինակ փոխհատուցում Սարգսյանի կողմից՝ նախագահական նստավայրում երիտմուտիլովչիկների արածների դիմաց։

ԱԺ նախագահացու է նաև Գալուստ Սահակյանը։ Որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար՝ նա շատ լավ տիրապետում է ՀՀԿ–ական «անլեզու» պատգամավորներին բերման ենթարկելու արհեստին։ Իսկ հաշվի առնելով այն, որ ՕԵԿ–ն այլևս կցորդի ֆունկցիայից հրաժարվում է, ՀՀԿ–ն մշտապես բախվելու է քվորումի ապահովման խնդիրներին։

Գալուստ Սահակյանի թեկնածության օգտին է նաև այն, որ նա շուլուխչի է, ու կատարյալ թամաշայի կարող է վերածել խորհրդարանի աշխատանքները։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք Բաղրամյան 26–ին ու ԱԺ–ում հավատարմագրված լրագրողներին։

Խորհրդարանի խոսնակի ամենաիսկական թեկնածուն, սակայն, վերը նշված գործիչները չեն։ Սերժ Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, հաջորդող երկրորդ պաշտոնյայի ամենասազական դերակարատը Առաքել Մովսիսյանն է՝ Շմայսը։ Կամ էլ՝ Մանվել Գրիգորյանը (Մանվել որ ասում ենք, Սեյրանը հետն է)։

Առաքել Մովսիսյանն ամենաշատն է համապատասխանում Սերժի պատկերացումներին։ Առաքելի ֆոնին Սերժը համարյա Սպինոզա կամ Սոկրատ կարող է ընկալվել։

Ուրիշ արժանի թեկնածուներ էլ կան ՀՀԿ–ում, բայց հիմնականում այս անձանցից է ընտրություն կատարելու «Վերջի բոլշևիկը»։ Ուրիշ չկա։ ՀՀԿ խմբակցությունում բոլորն էլ գալուստներ են կամ մանվելներ՝ անկախ կրթական մակարդակից, կրոնական պատկանելությունից ու սեռական կողմնորոշումից։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը