Կարծիք

23.04.2014 13:38


Մինաս Միքայելյան

Մինաս Միքայելյան

Հովիկ Աբրահամյանը գնում է Տիգրան Սարգսյանի հետքերո՞վ
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դեռ լիովին չադապտացվելով նոր պաշտոնին, բռնել է իր նախորդի ուղին:
Դեռ նրա նշանակման հրամանագրի թանաքը չի հասցրել չորանալ, իսկ Հովիկ Աբրահամյանն ամեն պատեհ ու անպատեհ առիթով պատասխանում է Սերժ Սարգսյանին քննադատողներին՝ վերջինիս անվանելով անկեղծ ու օրինակելի քաղաքական գործիչ:
Իսկ ո՞րն է Հովիկ Աբրահամյանի` նման պահվածքի պատճառը: Գուցե նորանշանակ պաշտոնյան հույս ունի, որ Սերժ Սարգսյանը նրան էլ, նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի պես, կտա գործողությունների ազատություն, ու, չնայած երկրում տիրող ճգնաժամին, անկումներին և այլ բացասական երևույթներին, մինչև վերջ դոշ կտա նրա համա՞ր: Վերջում էլ, Տիգրան Սարգսյանի պես, կազատի աշխատանքից ու կուղարկի որևէ երկիր «կարևոր դիվանագիտական աշխատանք» կատարելու, կամ որ նույնն է` տարիների ընթացքում լափած միլիոնները վայելելո՞ւ:
Բայց Հովիկ Աբրահամյանը չարաչար սխալվում է, եթե նման հույսեր է փայփայում: Տիգրան Սարգսյանն ի սկզբանե եղել է Սերժ Սարգսյանի մարդը: Նրա բոլոր գործողություններն արվել են կա՛մ Սերժ Սարգսյանի հրահանգով, կա՛մ նրա թույլտվությամբ:
Իսկ Հովիկ Աբրահամյանին Սերժը ստիպված է նշանակել վարչապետ: Ուստի, թող ոչ ոք չկասկածի, որ առաջին իսկ հարմար առիթի դեպքում Սերժ Սարգսյանը ոչ միայն կազատի պաշտոնից Հովիկ Աբրահամյանին, այլ նաև իր ու Տիգրան Սարգսյանի գռփած փողերը կկապեն նրա վզին ու կուղարկեն «կարևոր դիվանագիտական աշխատանք» կատարելու արդեն մոտակա քրեակատարողական հիմնարկներից մեկում: Ու էս պարագայում Հովիկ Աբրահամյանը երանի է տալու Տիգրան Սարգսյանի ճակատագրին:
Նման ճակատագրից խուսափելու համար նորանշանակ վարչապետը պետք է ուղղակի մի քիչ կամքի ուժ ու ինքնուրույնություն դրսևորի ու թույլ չտա, որ իրեն խամաճիկի պես օգտագործեն, ու բոլոր մեղքերը նրա վրա բարդելով` դեն նետեն:

Մինաս Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը