Հարցազրույց

23.04.2014 17:35


Ստեփան Մարգարյան. «Մեր երկրում կա տնտեսակա՛ն ճգնաժամ, ոչ թե սահմանադրական»

Ստեփան Մարգարյան. «Մեր երկրում կա տնտեսակա՛ն ճգնաժամ, ոչ թե սահմանադրական»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ

–Ոմանք փորձում են ԲՀԿ–ին քննադատել, թե իբր այդ կուսակցությունը նախկինում կողմ էր խորհրդարանական համակարգին անցնելուն, իսկ այժմ դեմ է։ ԲՀԿ–ն իրո՞ք փոխել է իր տեսակետը խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտության հետ կապված։

–Մենք կարծիք չե՛նք փոխել։ Մենք գտնում ենք, որ հիմա դրա ժամանակը չէ։ Այժմ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա, որ մենք գնանք Սահմանադրություն փոխելուն։ Եվ հետո, մենք կարծում ենք, որ սահմանադրական փոփոխություններով կառավարման համակարգի փոփոխությունը տեղին է, որ անի նո՛ր իշխանությունը համապետական ընտրություններից հետո։ Կգա նոր իշխանությունը և այդ ժամանակ նոր թող անի այդ փոփոխությունները։

–Ինչո՞ւ եք կարևորում, որ այս իշխանությունն այդ փոփոխությունը չկատարի։

–Որովհետև հիմա մենք այնքա՜ն խնդիրներ ունենք, որ լուծման կարոտ են։ Մեր երկրում կա տնտեսակա՛ն ճգնաժամ, ոչ թե սահմանադրական, հիմա երկրում կա տնտեսության կառավարման ճգնաժամ, խայտառակ ցուցանիշներ են գրանցվում բազմաթիվ կենսական ոլորտներում՝ արտագաղթ, աղքատություն։ Կարծում ենք, որ իշխանությունն այժմ պետք է զբաղվի այս խնդիրները կարգավորելով։ Այսօր չկա՛ այնպիսի հարց, որ Սահմանադրությունը չի լուծում. ինչո՞ւ են հիմա գնում սահմանադրական փոփոխությունների։ ԲՀԿ–ի կարծիքի փոփոխություն չի եղել։ Մենք ասում ենք՝ եթե խորհրդարանականը կառավարման լավ ձև է, ապա նո՛ր իշխանությունը թող անցնի դրան, և ոչ թե իր իշխանավարության վերջում, այլ սկզբում։ Եթե նախագահական համակարգը վատ ձև էր, ապա ինչո՞ւ սկզբից չէին անցնում դրան, ինչո՞ւ թողեցին ամենավերջում։

–ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցով հանդես եկավ՝ կասկածելի համարելով գործող իշխանության կողմից սահմանադրական փոփոխություն կատարելու մտադրությունը։ Դո՞ւք էլ նման կասկածներ ունեք։

–Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կարծիք հայտնել, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը բավականին մեծ ժամանակահատված ղեկավարել է երկիրը՝ և՛ որպես վարչապետ, և՛ որպես ՀՀ նախագահ։ Ռոբերտ Քոչարյանը կարող է կարծիք հայտնել, և, կարծում եմ, այդ կարծիքին արժե ուշադրություն դարձնել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը