Տնտեսական

02.07.2014 01:48


Հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

Հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել են 433.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 414.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 79.7%-ով և 73.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին կիսամյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: 2013 թվականի հունվար-մայիս ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 6%‑ով կամ 24.6 մլրդ դրամով, որն ապահովվել է հիմնականում հարկային եկամուտների և այլ եկամուտների գծով մուտքերի աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.8%-ը` այլ եկամուտների, 0.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 408 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 80.6%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.8%-ով կամ 18.6 մլրդ դրամով: 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.8%‑ով կամ 37.2 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

2014 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 18.6 մլրդ դրամ հավելուրդով` առաջին կիսամյակի ճշտված ծրագրով նախատեսված 19.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Առաջին կիսամյակի ծրագրով նախատեսվել էր պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից օգտագործել 84.3 մլրդ դրամ, սակայն բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում օգտագործվել է ընդամենը 44.5 մլրդ դրամ:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը