Մեկնաբանություն

07.07.2014 00:22


«Ուրախ» լուրեր իշխանություններից

«Ուրախ» լուրեր իշխանություններից

Վերջին վեց տարիների ընթացքում իշխանությունը վերջապես մի «ուրախ» լուր ավետեց՝ հայտարերելով, որ ատոմակայանում պլանային վերանորոգման աշխատանքների պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա:

Եվ այս մասին ասվում է Նազարյանի հանձնաժողովի ընդունած վերջին որոշումից հետո, երբ 4 դրամով թանկացրին էլեկտրաէներգիան:

Մարդիկ դեռ չեն հանդարտվել եւ շարունակում են տարաբնույթ բողոքի ակցիաներ իրականացնել թանկացման դեմ, իսկ իշխանությունը նման «ուրախ» լուր է հայտնում, թե ատոմակայանի վերանորոգումից հետո չենք բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագինը: Այսինքն՝ մե՜ծ լավություն են անում ժողովրդին, թե տեսեք՝ կարող էինք, չէ՞, էլի բարձրացնել սակագինը, բայց դա չենք անում:

Մի «ուրախ» լուր էլ լսեցինք իշխանությունների կողմից: Հանրապետականները նստել ու մանրակրկիտ, լումա առ լումա հաշվել են ու դարձյալ ավետում են, թե էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքները մեղմելու նպատակով նպաստառու 105 հազար ընտանիքներին տրվելիք 1000 դրամ օգնությունը ավելին է, քան պետք է, յուրաքանչյուր ընտանիքի 730 դրամ էր հասնում, բայց մենք 1000 դրամ ենք տալիս, էն 270 դրամն էլ իրենց «փեշքեշ» ենք անում:

Հիանալի է: Նպաստառու ընտանիքները էդ 270 դրամները կգցեն «կասը» եւ ուրախ-զվարթ կապրեն:

Մանավանդ, որ սպասվելիք ջրի սակագնի բարձրացման դեպքում էլ եթե իշխանությունը նրանց էլի մի 270 դրամի չափով «փեշքեշ» անի՝ ընդհանրապես նպաստառուների բարեկեցիկ ապրելակերպը կարող ենք ապահովված համարել: Էլ չասած, որ հնարավոր է այդ աղքատ ընտանիքները միանգամից դառնան միջին խավ:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս օրերին որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն փողոցներում հարցում են անցկացնում եւ տեսանյութերը տեղադրում իրենց կայքերում:

Կարո՞ղ եք երեւակայել, թե ի՞նչ հարց է նրանց հետաքրքրում: Հազիվ թե:

«Ի՞նչպես են մեր քաղաքացիները հաղթահարում շոգը»: Ահա՛, այս հարցն են ուղղում անցորդնրին:

Կատարյալ զավեշտ:

Դե, «Ապահով Հայաստանի» քաղաքացիներն ամեն ինչ վաղուց հաղթահարել են, մնում է կարողանան հաղթահարել շոգը:

Ցավոք, իշխանություններին առայժմ չի հաջողվում լուծել միայն շոգը մեղմելու խնդիրը, իսկ մնացած բոլոր խնդիրները լուծել են: Այնպես որ հիմա միակ ու գլխավոր հարցը դա է: Դա էլ որ լուծեն՝ ՀՀ քաղաքացիներից բախտավոր ու երջանիկ քաղաքացի չի գտնվի ողջ աշխարհում:

Չի բացառվում, որ մինչեւ աշուն այդ հարցն էլ լուծեն իշխանությունները եւ մեզ մի նոր «ուրախ» լուր ավետեն:

Դե, ասենք այսպիսի լուր՝ «Մենք ամեն ինչ արեցինք, որ ամռան ավարտից հետո մեր քաղաքացիները չզգան շոգ եղանակի դժվարությունները»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը