Մեկնաբանություն

07.07.2014 11:17


Մի անգամ մաթեմատիկայի գործնական պարապմունքին

Մի անգամ մաթեմատիկայի գործնական պարապմունքին

Մաթեմատիկայի գործնական պարապմունքի ժամանակ ուսուցչուհին դիմեց դասարանին. «Այսօրվա խնդիրներն իրականության հետ ոչ մի կապ չեն ունենալու։ Այսինքն, դրանց անհավանական լինելը ենթադրելու է պատասխանի 2 տարբերակ, որոնք պետք է միանշանակ հիմնավորել։ Պատրա՞ստ եք»։

Ուսուցչուհին սպասեց, մինչև երեխաները բացեն տետրերը, ու սկսեց դասը։

«Եվ այսպես, արդյոք հնարավո՞ր է կայուն տնտեսական աճ ունեցող երկրի բնակչությունը 5-6 տարվա մեջ մի քանի հարյուր հազարով կրճատել, իսկ պետական պարտքը՝ միլիարդներով ավելացնել։ Եթե այո, ինչպե՞ս»։

Դասարանում քար լռություն էր։ Առաջին նստարանին միայնակ նստած, մեծ ակնոցով տղան վախվորած ձեռքը վերև բարձրացրեց...

Ուսուցչուհին բանի տեղ չդրեց ու անցավ երկրորդ հարցին. «Հնարավո՞ր է արդյոք մինչև «X» պահը հաղթանակած պետության փաստացի կայուն վարկանիշը 5-6 տարվա մեջ այնպես փոշիացնել, որ, ասենք, ադրբեջանցիները ղազախների ձեռքով պետությունդ նվաստացնեն»։

Դասարանը միաձայն գոռաց՝ ո՛չ, իսկ մեծ անկնոցով միայնակ տղան նորից բարձրացրեց ձեռքը, այս անգամ՝ ավելի համարձակորեն։ Ու կրկին ուսուցչուհին բանի տեղ չդրեց նրան...

Նրա հաջորդ հարցերին, երեխաների համոզմամբ, ևս հնարավոր չէր դրական պատասխան տալ, առավել ևս՝ որևէ կերպ հիմնավորել։ Նրանց պատասխանը «ո՛չ»-ն էր։ Իսկ միայնակ ակնոցավոր տղան ամեն հարցից հետո վեր էր նետում ձեռքն ու մնում չնկատված...

Անցան երկար տարիներ։ Միայնակ թոշակառու կինը երբ իմացավ, որ երկրում տարվա մեջ երկրորդ անգամ բարձրանալու է էլեկտրաէներգիայի սակագինը, հոգոցով ասաց այն, ինչ արդեն 5-6 տարի նրան հանգիստ չէր տալիս. «Պետք էր նրան չթողնել գործնական պարապմունքին...»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը