Մեկնաբանություն

09.07.2014 12:23


«Արևմտամետների» և «ռուսամետների» աշխատանքի բաժանումը

«Արևմտամետների» և «ռուսամետների» աշխատանքի բաժանումը

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանն աննախադեպ լարված ու փչացած հարաբերություններ ունի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ։

Աշխարհի ուժային կենտրոնների հետ մենք հիմա այնպիսի ցածր որակի ու մակարդակի կապերի մեջ ենք, որ պարզապես հարցականի տակ ենք դրել մեր անվտանգությունը։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանին կցված «արևմտամետները» (Դավիթ Շահնազարյան, Պարույր Հայրիկյան, Արամ Սարգսյան, Աղասի Ենոքյան, որոշ «քաղաքացիականներ», «սութի լիբերալներ», արմանբաբաջանյաններ և այլք) և «ռուսամետները» (Զորի Գայկովիչ, Արտաշես Գեղամյան և այլք) փչացնում են Արևմուտքին ու Ռուսաստանին հայաստանցիների աչքերում։

Տպավորությունն այնպիսին է, որ տեղի է ունեցել աշխատանքի բաժանում «արևմտամետների» և «ռուսամետների» միջև։ «Արևմտամետներն» իրենց վարքագծով «խուրդում» են արևմտյան (համամարդկային) արժեքները և դրանով իսկ «փչացնում» նաև Արևմուտքին։ Նույն բանն անում են «ռուսամետները» Ռուսաստանի մասով։ Դժվար է պատկերացնել ավելի հզոր հակաքարոզչություն Արևմուտքի դեմ, քան այն, երբ արևմտյան վեկտորի ընտրության անհրաժեշտությունից են խոսում «ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարը հաջող բիզնեսի վերածած Պարույրը, պրոադրբեջանական ու պրոթուրքական քարոզով զբաղվող Շահնազարյան Դավիթը կամ Ենոքյան Աղասին։

Նույնն է պատկերը նաև Ռուսաստանի մասով։ Հայ–ռուսական հարաբերությունները փչացնում են արտաշեսգեղամյաններն իրենց վարքագծով և զորիգայկովիչները՝ իրենց քծնողական նամակներով։

«Արևմտամետների» ու «ռուսամետների» աշխատանքը, բնականաբար, կոորդինացվում է Բաղրամյան 26–ի կողմից։ Ընդ որում, «արևմտամետների» հետ Սերժը համագործակցում է «տակից», իսկ «ռուսամետների» հետ՝ բացահայտ։

Դա յուրօրինակ «և, և» է։ Սերժն իր հաճախորդների միջոցով և՛ Արևմուտքին է քծնում, և՛ Ռուսաստանին։ Իսկ անհրաժեշտության դեպքում և՛ Արևմուտքի դեմ է էժանագին բաներ անում, և՛ Ռուսաստանի։ Արդյունքում՝ Հայաստանը և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից հարվածներ է ստանում։

Սերժի «արևմտամետության» արդյունքը եղավ այն, որ կտրուկ բարելավվեցին ռուս–ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև Մոսկվան հսկայական ռազմատեխնիկա մատակարարեց Բաքվին։ Դրան զուգահեռ՝ վատացան հայ–ռուսական հարաբերությունները։ Հայաստանում արհեստականորեն խրախուսվեց հակառուսական հիստերիան։

Այժմ ռուսներն ադրբեջանցիներին համոզում են ԵՏՄ մտնել, և ցավալին այն է, որ Սերժը համաձայնել է Հայաստանը մանրադրամ դարձնել ռուսների ձեռքում՝ Պուտինի ու Ալիևի բանակցություններում՝ գործնականում ճանաչելով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում (տե՛ս Սերժի սիրելի քաղգործիչ և ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտաշես Գեղամյանի ելույթը Բաքվում)։

Ինչ վերաբերում է Սերժի «ռուսամետությանը», ապա դրա հետևանքով ԵՄ–ում մեզ չեն վստահում և չեն հարգում, իսկ ամերիկացիներն ամեն օր պահանջում են Հայաստանից կապիտուլացվել Ադրբեջանի առաջ։ Հեֆերնն ու Ուորլիքը թութակի պես ամեն օր կրկնում են «Վերադարձրե՛ք յոթ շրջանները» նախադասությունը։

Ցավալի իրողությունն այն է, որ Սերժը Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում հանձնել է Հայաստանն ու Ղարաբաղը Մոսկվային, ու ինքը զբաղված է բացառապես սեփական իշխանության վերարտադրության ու փող կլպելու գործով։ Վերարտադրվելու համար Սահմանադրությունն է ուզում փոխել, իսկ փողի կլպումն իրականացնում է կարմիր ներկի օգտագործման, հարկային տեռորի, Որոտանի սեփականաշնորհման և այլ «ազնիվ» միջոցներով։

Եթե կա քաղաքական ուժ կամ Հայաստանի ապագայով մտահոգ անհատ, ով իշխանափոխությանն այլընտրանք է տեսնում, թող բարձրաձայնի այդ մասին, տեսնենք, թե ուրիշ ինչ ձևով է հնարավոր կանգնեցնել այս հետընթացն ու փլուզումը։ Ակնհայտ է, որ իշխանափոխության այլընտրանք չկա։ Ով այլ ձևով է մտածում, թող անդամագրվի հաճախորդների կուսակցությանը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հայ–ամերիկյան հարաբերությունների փչացմանը, Սերժի «արևմտամետ» հաճախորդներից զատ, նպաստում է նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Հեֆերնը, ով քաղաքական փաստաբանություն է անում իշխանությունների ապօրինություններին՝ ենթադրաբար ոչ առանց «ատկատային» վերաբերմունքի։

Եթե ԱՄՆ–ում շահագրգռված են Հայաստանի նետ հարաբերությունների բարելավմամբ, ապա պետք է հետ կանչեն այս ժուլիկին, ով փրփուրը բերանին այնպես է պաշտպանում «կուտակայինը» կամ Որոտանի կոռուպցիոն գործարքը, որ կասկածի տեղ չի թողնում. մարդն անձնական շահագրգռվածություն ունի։

Դե, իսկ ամեն օր Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու կոչերը խայտառակ մթնոլորտ են ձևավորում ՀՀ–ի ու ԱՄՆ հարաբերությունների միջև։ Պարզ է, որ տխրահռչակ Հեֆերնը տվյալ դեպքում կատարող է, և նա կատարում է ԱՄՆ պաշտոնական գծի հրապարակայնացումը, բայց ամերիկացիներն այդպիսով ոչնչի չեն հասնելու ու փոխարենը ստանալու են հակառակ ռեակցիան։ Իշխանափոխությունից հետո այս ամենը հիշեցվելու է նրանց, ու դա հաստատ չի բխում ո՛չ ՀՀ–ի, ո՛չ ԱՄՆ շահերից։

Այս խորագրի վերջին նյութերը