Մեկնաբանություն

10.07.2014 12:08


Սերժ Սարգսյանը ցավ է ապրում. իսկ մե՞նք ինչ ասենք

Սերժ Սարգսյանը ցավ է ապրում. իսկ մե՞նք ինչ ասենք

Սերժ Սարգսյանի «և՛, և՛»-ն արդեն անցնում է վտանգավոր բոլոր սահմանները։

Ուրուգվայում երեկ նա ցավ է հայտնել, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենք է մատակարարում Ադրբեջանին։ Յա՞։

Առաջին՝ եթե ցավ էիք ապրում, ինչո՞ւ էիք պաշտպանության նախարարի, ԱԳ փոխնախարարի..., մի խոքով, պետական ապարատի մակարդակով հայտարարում, թե «նորմալ է՝ ֆինանսական գործարք է», «դա Ռուսաստանի ներքին գործն է» ու նմանատիպ Ձեզ բնորոշ լղոզված ձևակերպումներ տալիս։ Բացի այդ՝ եթե ցավ եք ապրում, ապա ինչու՞ մի կես բերան այդ մասին չեք հայտարարել Պուտինի հետ հանդիպումների ժամանակ։ Թե՞ Պուտինի հետ միայն Զորի Բալայանի գրած տխրահռչակ նամակի ոճով եք շփվում։

Երկրորդ՝ եթե նեղված եք, Ձեր իսկ բնորոշմամբ՝ Հայաստանի թիվ մեկ դաշնակցից, ինչո՞ւ եք դրա մասին արտահայտվում օվկիանոսից այն կողմ՝ հեռավոր Ուրուգվայում։

Եվ ընդհանրապես, բավական չէ՞ «և՛, և՛»–ով նվնվալ, հետո էլ արդարանալ, թե «դիվանագիտությունը տղայություն անել չէ»։

Սերժ Սարգսյանը բողոքում է Ռուսաստանից և միևնույն ժամանակ սլանում դեպի Կրեմլ՝ իր արագությամբ զարմացնելով ռուսներին, իսկ Մոսկվայում Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները վերընթաց են ապրում։ Ո՞նց հասկանանք։

Այն, որ Ձեր «և՛, և՛»–ով Ձեզ են ստորացված վիճակի մեջ գցում, վաղուց հայտնի է։ Տիպիկ օրինակ՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի վերաբերյալ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի խնդալու հայտարարությունը։

Ի դեպ, դա արվել էր այն ժամանակ, երբ Հայաստանը խրոխտ քայլերով շարժվում էր դեպի ասոցացման համաձայնագրի ստորագրում։

«Երբ լսում ես նման ձևակերպումներ, որ դա պարզապես տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար է ու «միայն բիզնես», ցանկություն է առաջանում հիշեցնել, որ Հայաստանի ձգտումը՝ կնքելու ասոցացման պայմանագիր ԵՄ-ի հետ, է՛լ ավելի «բիզնես» է, ու ավելի շուտ կարելի է ընկալել այդ ձևակերպման տակ, դա այն դեպքում, երբ սպառազինության վաճառքի տակ մշտապես կարելի է գտնել քաղաքական ենթատեքստ», - հայտարարել էր այսօր արդեն ԵՏՄ–ի ճամփեքին մոլորված փոխարտգործնախարարը։

Ինչքա՞ն կարող եք նվաստանալ՝ գցելով Հայաստանի վարկանիշը։

Սերժ Սարգսյանը գնում է ԱՄՆ դեսպանին հյուր, շնորհավորում Միացյալ Նահագների անկախության տոնը, իսկ դրանից անմիջապես հետո Հեֆերնը հայտարարում է, թե հայկական հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Շա՜տ խորհրդանշական է։

Հայաստանում «Կրեմլի շան» համբավ ունեցող Կիսելյովին Ապոլոնին վայել ընդունելություն եք ցույց տալիս, ու թաքուն, որ հանկարծ որևէ մեկը չլսի, տրտնջում Ռուսաստանից ... Ինչքա՞ն կարելի է։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը