Կարծիք

10.07.2014 12:05


Խոսե Մուխիկայի հետ հանդիպման ժամանակ աշխարհի ամենահարուստ նախագահներից մեկը մտածել է՝ յախք, էս հարի՞ֆն ով ա ...

Խոսե Մուխիկայի հետ հանդիպման ժամանակ աշխարհի ամենահարուստ նախագահներից մեկը մտածել է՝ յախք, էս հարի՞ֆն ով ա ...

«Մեր ցանկությունն է, որ Արգենտինան Հայաստանի համար յուրատեսակ դարպաս լինի դեպի հարավամերիկյան տարածաշրջան: Հայաստանն էլ կարող է կապել Արգենտինան Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ»,– այս գերֆանտաստիկ առաջարկով էր Սերժ Սարգսյանը գնացել Արգենտինա։

Թե ներկաներից քանի՞ հոգի է փռթկացել դա լսելիս, հայտնի չէ։ Տեղեկություն չկա նաև այն մասին, որ արգենտինացիները, խիստ ոգևորված Սերժ Սարգսյանի անհավանական առաջարկից, շորերը պատառոտելով պատրաստակամություն են հայտնել Հայաստանի համար դարպաս դառնալ դեպի հարավամերիկյան տարածաշրջան, Մաքսային միության հետ էլ՝ «չերեզ» Հայաստան, կապել իրենց ճակատագիրը։ (Ի դեպ, մեկը չկա՞ Սերժ Սարգսյանին ասի, որ Մաքսային միությունը վաղուց չկա. խոսքը հիմա Եվրասիական տնտեսական միության մասին է միայն)։
Բայց, փա՛ռք Աստծո, Հայաստանն առանց դարպաս չմնաց. մեզ օգնության հասավ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ Դանիլո Աստորին։ Նա իր երկրի անունից ֆուտբոլասեր Սերժ Սարգսյանին առաջարկեց Ուրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար:
Դե, թող Արգենտինան գնա ու նախանձից մեռնի՛, թե չէ գիտեր՝ հույսներս մենակ իրանց վրա էր, հա՞. շատ էլ որ Սերժ Սարգսյանը դարպասի դերում ցանկանում էր ոչ թե Ուրուգվային, այլ Արգենտինային տեսներ։
Իմիջիայլոց, չնայած Ուրուգվայի մեծահոգությանը՝ Սերժ Սարգսյանը երախտամոռ է գտնվել և այդ երկրին չի՛ առաջարկել Հայաստանի ծառայությունները՝ կապել Ուրուգվայը Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ։

Էս ի՞նչ մի ջոկողություն է, չեմ հասկանում։ Թե՞ ԵՏՄ–ում աղքատ նախագահներին չեն սիրում։ Էլ չեմ ասում, որ երևի աշխարհի ամենաաղքատ նախագահներից մեկի՝ Խոսե Մուխիկայի հետ հանդիպման ժամանակ աշխարհի ամենահարուստ նախագահներից մեկը մտածել է՝ յախք, էս հարի՞ֆն ով ա, նախագահի աթոռին նստած՝ չի կարում փող դիզի։
Սերժ Սարգսյանի հաջորդ այցը Չիլի է. տեսնես ի՞նչ առաջարկով է գնում ու ի՞նչ առաջարկով հետ կգա։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը