Մեկնաբանություն

11.07.2014 12:00


«Պատերազմի» կուսակցության առաջնորդի խոստովանությունը

«Պատերազմի» կուսակցության առաջնորդի խոստովանությունը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին ներկա գտնվելուն ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը շրջագայում է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում։

Շրջագայությունը ծափծլնգոցային և տաշիտուշիային բնույթ է կրում։ Որևէ տնտեսական կամ քաղաքական բաղադրիչ այն չունի։

Թանկարժեք և անիմաստ այդ ճամփորդության ընթացքում քաղաքական հայտարարություն, այդուհանդերձ, հնչել է։ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել այնտեղի թերթերից մեկին ու ասել, որ չի բացառում պատերազմի վերսկսումը։

Սա ուշագրավ հայտարարություն է այն առումով, որ հնչեցվում է իրեն «Խաղաղության» կուսակցության առաջնորդ հռչակած մարդու շուրթերից։

Սերժը նորություն չի ասել։ Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը կա 1994ի մայիսից սկսած։ Նորությունն այն է, որ 2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Բաղրամյան 26–ում հայտնված «Վերջի բոլշևիկը» հիմա ընդունում է, որ իր վարած «նախաձեռնողական» և «ֆուտբոլային» քաղաքականության արդյունքում պատերազմի շեմին ենք մոտեցել առավել քան երբևէ։ Սա «նախաձեռնողականության» ֆիասկոյի մասին խոստովանություն է։

Սերժ Սարգսյանն իրականում «Պատերազմի» կուսակցության ներկայացուցիչ է։ Երբ նա Թուրքիայի հետ «ֆուտբոլ» էր նախաձեռնել, հայտարարեց, թե մենք գնում ենք այդ քայլին, քանի որ խաղաղություն ենք ուզում։

Փորձագետների ու քաղաքական շրջանակների բոլոր նախազգուշացումներին, թե նման ճանապարհով խաղաղության չես հասնի, այլ հակառակը՝ կմեծացնես պատերազմի հավանականությունը, իշխանությունները չէին արձագանքում կամ արձագանքում էին կործանարար ինքնավստահությամբ։

Սերժ Սարգսյանին դուր էին գալիս միջազգային մամուլի հերոս դառնալը, եվրանյուզներին, դոյչեվելեներին ու մյուս խոշոր լրատվամիջոցներին հարցազրույց տալը, Գյուլի հետ գրկախառնվելը և արտաքին փայլ ապահովող մյուս բաները։

Հայաստանը Սերժի օրոք հրաժարվեց հավասարակշռված ու կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունից։ Արդյունքը եղավ այն, որ մենք կորցրեցինք և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին։

Հիմա մեզ լուրջ չեն վերաբերվում։ Խոշոր խաղացողները Հայաստանի ու Ղարաբաղի վրա առևտուր են սկսել Բաքվի հետ։ ՀՀԿ ղեկավարը համաձայնել է այդ առևտրում ներկայացնել Մոսկվայի շահերը (ԵՄ–ի հետ ասոցացման փուլում նույն բանը նա անում էր Արևմուտքի համար)։

Սերժը ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ոճով է արտաքին քաղաքականություն վարում։ Վերջինս էլ էր իրեն հռչակել «Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ, սակայն դարձավ տասնյակ լոկալ պատերազմների պատճառ՝ հընթացս փլելով այն պետությունը, որը ղեկավարում էր։

Բայց եթե ԽՍՀՄ փլուզումը Հայաստանի համար դրական հաշվեկշիռ ապահովեց (անկախության ձեռքբերում և Ղարաբաղի ազատագրում), ապա անկախ Հայաստանում գորբաչովիզմի կիրառմամբ քաղաքականություն վարելը շատ թանկ կարող է նստել բոլորիս վրա։ Այնպես որ, Սերժ Սարգսյանին պետք է հեռացնել իշխանությունից, քանի դեռ նա չի հեռացրել Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզի վրայից։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Լատինական Ամերիկայում գտնվելիս Սերժ Սարգսյանը մի քիչ բողոքել է ռուսներից։ Նա հայտարարել է, որ ցավ է ապրում այն բանի համար, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին։

Այն, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը դրական չէ մեզ համար, անվիճելի է, և բնական է, որ պետք է ցավ առաջացնի, բայց այդ ցավի մասին երբ խոսում է երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը, մի քիչ զարմանալի է ու դեմագոգիկ։

Սերժն իր ցավը պետք է հայտներ Պուտինին, ընդ որում՝ Մաքսային միություն մտնելու որոշումը կայացնելուց առաջ, այլ ոչ թե Ուրուգվայում բնակվող լրագրողի հետ զրույցում։

Մինչդեռ, անցած տարվա սեպտեմբերի 3-ին Սերժը ոչ միայն ցավ չհայտնեց, այլ դեռ մի բան էլ Զորի Գայկովիչի միջոցով նամակ գրեց ռուսաց թագավորին և իր հավատարմության երդումները փոխանցեց Գյուլիստանի պայմանագրին։ Դրանից հետո ցավ հայտնելն արդեն անճարակության, անհեռատեսության ու դեմագոգիայի նշան է։

Այս խորագրի վերջին նյութերը