Մեկնաբանություն

12.07.2014 10:00


Արտառոց արարքների երկիր

Արտառոց արարքների երկիր

«Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մինչև 50 տարեկան իր մարտական ընկերներին, ազգականներին, մտերիմներին հանձնարարել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ երեխաներ ունենալ»,- կայքերից մեկին ասել է Մանվել Գրիգորյանի խորհրդականը:

Համաձայն եք, չէ՞, որ սա արտառոց հանձնարարական է: Չնայած հիմա մեր երկրում սովորական բաներ տեղի չեն էլ ունենում: Միայն արտառոց:

Բայց սա մի ուրիշ տեսակ արտառոց բան է: Պարզվում է՝ մեր երկրում կարելի է նաեւ հանձնարարականով ծնելիությանը զարկ տալ: Միայն թե՝ ինչու է գեներալը նշված շրջանակը ընտրել՝ անհասկանալի է: Նա պետք է իր հանձնարարականը տարածեր բոլորի վրա, որպեսզի մեկ տարում ողջ բնակչության թիվը կրկնապատկվեր:

Բայց, իհարկե, ուշագրավ է մարտական ընկերների մասով տրված հանձնարարականը: Էդ մարդիկ անցյալ տարի՝ այս օրերին, Ազատության հրապարակում ցույցեր էին անում՝ բողոքելով իշխանության դեմ, որի վարած քաղաքականության հետեւանքով իրենք հայտնվել են սոցիալական թշվառ կացության մեջ, որ անգամ չեն կարողանում հոգալ իրենց երեխաների հացի խնդիրը: Ինչին ի պատասխան՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրենց հեղինակած «Ազատամարտիկի կարգավիճակի մասին» օրենքը նվիրեցին: Մի դատարկ թուղթ, ինչով ազատամարտիկները չէին կարող կերակրել իրենց երեխաներին:

Իսկ հիմա գեներալը նույն մարտական ընկերներին հանձնարարում է նոր երեխաներ ունենալ:

Իսկ չի՞ պատրաստվում արդյոք գեներալը մեկ այլ հանձնարարականով դադարեցնել արտագաղթը՝ «Հանձնարարում եմ չփախչել երկրից»:

Սերժ Սարգսյանին «Վերջի բոլշեւիկ» անվանած գեներալը նույն բոլշեւիկյան ոճով հանձնարարում է մինչեւ եկող տարի երեխաներ ունենալ:

Ճիշտ է, չէ՞, նրա այս հանձնարարականը շատ նման է «Պարտադիր կուտակայինի» մասին օրենքին:

Մեկ այլ տեղեկություն էլ պակաս արտառոց չէ:

Ահա. «Հուլիսի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու շրջափակում գործող ամառային բակային ճամբար: Սրբազան հայրը շրջեց ըստ տարիքային խմբերի բաժանված ջոկատներում, զրուցեց երեխաների հետ, հետաքրքրվեց, թե ինչ երգեր ու շարականներ են սովորել, ինչպես ու ինչ են անում ճամբարային իրենց առօրյայում … Ճամբարում երեխաները կսովորեն աղոթքներ, շարականներ, կծանոթանան աստվածաշնչային հոգևոր պատմություններին: Կկազմակերպվեն ինտելեկտուալ և սպորտային խաղեր, երգ ու պարի ուսուցում»:

Մինչ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված նրա հանցակիցը՝ կալանավորված Աշոտ Սուքիասյանը, հարցաքննվում է, Կճոյանը սեփական «փիառի» շրջանակներում հոգեւոր ուղղվածությամբ ամառային բակային ճամբարներում է շրջում ու զրուցում երեխաների հետ:

Դե, երեխաները նոր են ծանոթանում ասվածաշնչային հոգեւոր պատմություններին, առայժմ չգիտեն, թե ով է այցելել իրենց՝ «սրբազան հա՞յր», թե՞ «գառան մորթի հագած գայլ»:

Հետո հաստատ կիմանան:

Սակայն առայժմ աղոթքներ են սովորում Սուքիասյանի «բիզնեսի տանիք» հանդիսացած Կճոյանից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը