Կարծիք

12.07.2014 13:39


«Խաղաղության աղավնու» արյունոտ «թևերը»

«Խաղաղության աղավնու» արյունոտ «թևերը»

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա, և վիրավորվել է մի կին:

Այն, որ մեր զինծառայողների զոհվելու մասին լուրն այլևս չի զարմացնում, նորություն չէ, բայց խաղաղ բնակչության՝ հրազենից վիրավորվելու մասին լուրն, իրոք, ցնցող է։ Ոչ մի դեպքում չեմ պատրաստվում քննադատել հայկական պաշտպանական ուժերին, այնուամենայնիվ, անհրաժեշտ եմ համարում նշել, որ դրանք պետք է ավելի զգոն լինեն ու թույլ չտան, որ թշնամին փորձի հայկական հողում դիվերսիաներ անցկացնել։ Այն, ինչ կատարվում է երկու հայկական պետությունների սահմանագծում, միմիայն գերագույն գլխավոր հրամանատարի մեղքն է, որը, ցավոք, դե ֆակտո հանդիսանում է նաև երկրի նախագահն ու առաջին դեմքը։
Սարգսյանին անհանգստացրել է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, բայց, չգիտես՝ ինչու, նրան հեչ չի հուզել այն հարցի պատասխանը, թե ինչու է Ռուսաստանը նման քաղաքականություն վարում։ Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի կուրսի փոփոխությունը դաշնակիցների ընտրության հարցում։ Այս մի քանի ամիսների ընթացքում, երբ ինտենսիվ հաճախականությամբ սահմանին հայ զինվորներ են զոհվում, Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, հազիվ թե մի երկու կամ երեք անգամ, այն էլ՝ լրագրողների հարցերի շրջանակներում կամ էլ արտագնա նիստերի ընթացքում, որևէ պաշտոնական հայտարարություն արած լինի։ Սարգսյանը չի վախենում սեփական ժողովրդին ստորացնելուց, սեփական երկրում արժանապատիվ ու ԱՆՎՏԱՆԳ ապրելու իրավունքից զրկելուց, բայց վախենում է արձագանքել սահմանագծում թշնամու ծավալած ակտիվ գործունեությանը (տանը՝ առյուծ, դրսում՝ մուկ վիճակն է հիշեցնում։ Ու թող չթվա, որ արձագանքը կարող է վատ անդրադառնալ։ Թշնամին իրեն լկտի է պահում հենց արձագանքի բացակայության պարագայում)։
Ադրբեջանում արդեն բացեիբաց և ցինիկաբար գրում են իրենց «հերոսությունների» մասին, մինչդեռ ոչ վաղ անցյալում հերքում և կոծկում էին դրանք։

Սահմանադրություն սիրող Սերժ Սարգսյանը պետք է որ իմանա, թե ինչ է պատվիրում ՀՀ սահմանադրության 54–րդ հոդվածը, և հիշի, թե ինչ երդում է տվել տոկոս խփելուց հետո. այն է՝ «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ եւ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։

Պատերազմից բացի՝ մարդկությունը ստեղծել է դիվանագիտություն, որպեսզի դիվանագիտության շնորհիվ զսպվի թշնամական ագրեսիան։ Սարգսյանը բավականին վտանգավոր իրավիճակի մեջ է դնում նաև ՀՀ անվտանգության կարևորագույն կառույցը՝ բանակը, քանզի որդեկորույս մորը դժվար կլինի համոզել, որ բանակը կապ չունի, երբ նրա գլխավոր գերագույն հրամանատարը չի տիրապետում սեփական պարտականություններին ու չի իրականացնում պաշտոնից բխող գործառույթները։
Եթե առաջ քիչ թե շատ, «գեբելսյան քարոզչամեքենայի» օգնությամբ գործում էր «լավ ա՝ խաղաղ է, պատերազմ չկա» միֆը, ապա այսօր նման հեքիաթներով ոչ մեկ չի հրապուրվում։ Երկրի թիվ մեկ «Խաղաղության աղավնու» թևերը գնալով կարմրում են։ Հայաստան պետության ու նրա ժողովրդի անվտանգության առաջնահերթությունով պայմանավորված՝ պետք է անհապաղ դրվի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը