Մեկնաբանություն

15.07.2014 11:14


«Եվրաասոցացման» որբերը

«Եվրաասոցացման» որբերը

Եվրաասոցացման գործընթացը, որի մեջ մխրճվել էր Սերժ Սարգսյանը, լրիվ այլ նպատակով էր, և այդ նպատակը հաստատ արևմտյան արժեքներն ու ինստիտուտները Հայաստանում իմպլեմենտացիա անելը չէր։

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները եվրաչինովնիկների ու «Վերջի բոլշևիկի» միջև գործարքի կնքման ձևական կողմն էին ապահովում։ Գործարքի էությունը հետևյալն էր. Արևմուտքն աջակցում է Սերժի վերարտադրմանը՝ «տանիք» կանգնելով ընտրակեղծիքներին, ինչպես նաև ասոցացման դեպքում փող է հատկացնում Սերժ Սարգսյանի գլխավորած վարչակազմին, իսկ փոխարենը Սերժ Սարգսյանը համաձայնում է Արևմուտքի ձեռքում գործիք դառնալ աշխարհաքաղաքական խաղերում։

Գործարքն այդ, ինչպես հայտնի է, մինչև վերջ չկայացավ։ Կողմերն իրար «քցեցին» (Սերժը մտավ ՄՄ, իսկ Արևմուտքն էլ խոստացած փողը չտվեց), իսկ մինչև այդ հասցրել էին համատեղ ուժերով «քցել» հայ ժողովրդին։

Եվրաասոցացման գործընթացում նաև այլ շահառուներ կային։ Դրանք Հայաստանի այսպես կոչված արևմտամետ շրջանակներն են, որոնց մի մասն ունի «ազնիվ քյարփինջի» կարգավիճակ, մյուս մասը՝ գրանտակեր «ցեխավիկի», երրորդները՝ 5–րդ շարասյան։

Կան, իհարկե, եվրաասոցացման անկեղծ, անշահախնդիր ու արժեքների վրա հիմնված կողմնակիցներ, սակայն նրանց համար պետք է հատուկ շեշտել, որ արժեքները պետք է տարանջատել աշխարհաքաղաքական վեկտորներից։ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ պետք է կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարի, այլապես հարվածներ կստանա ինչպես հյուսիսից, այնպես էլ՝ արևմուտքից, այսինքն՝ կհայտնվի այն վիճակում, ինչ վիճակում, որ հիմա է։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանի ու իր «արևմտամետ» հաճախորդների ջանքերով Հայաստանը հայտնվել է Կրեմլի պատերի տակ, սակայն «մաքսայնացման» թեմայով աղմուկը հենց այդ շրջանակներից է գալիս։

«Արևմտամետներն» աղմկում են համացանցում։ Բա հո՞ միամիտ չեն, որ դուրս գան հրապարակ ու պահանջեն Հայաստանը Մաքսային միություն մտցրած «Վերջի բոլշևիկի» հրաժարականը։ Իրենց իրական տիրոջ հրաժարականն ինչպե՞ս պահանջեն։ Բայց մյուս կողմից էլ դրսին «ատչոտ» տալու հարց կա։ Դե արի ու այս ամենի տակից դուրս արի ...

«Արևմտամետներն» արտաքուստ իրենց անկախ ու արևմտյան արժեքների կրողներ են ներկայացնում, բայց իրականում կոորդինացվում են Բաղրամյան 26–ից՝ ձեռքի հետ գրանտ կպցնելով։ Ու հիմա, երբ երբ իրենց սիրելի ու եվրոպացիների հետ լավ և ճկուն բանակցած Սերժ Սարգսյանը Գյուլիստանի պայմանագրով տրվել է Մոսկվային, «արևմտամետների» գրանտային կաթիկը կտրվել է կամ մինիմիզացվել ու սրանք հայտնվել են որբի վիճակում։

Փորձելով դրսի մոտ արդարացնել սեփական գռդոնչիությունն ու «ցեխավիկությունը»՝ «արևմտամետները» դավադրության տեսություններ են ներկայացնում, որպեսզի հետին թվով կռիվ տան չար և մութ ուժերի դեմ (դա էլ է գրանտ ստանալու ձև)։ Իրական նպատակը, սակայն, գրանտից չզրկվելն է։ Թե չէ դրանք թքած ունեն բոլոր տիպի, այդ թվում՝ արևմտյան, արժեքների վրա։

«Արևմտամետների» համար միակ արժեքը փողն է ներկայացնում։ Որտեղ փող, այնտեղ սող. սա՛ է հայաստանյան «արևմտամետների» կարգախոսը։ Եվ թող չփորձեն կուրծք ծեծել ու կոկորդիլոսի արցունքներ թափել եվրաասոցացման տապալման ու Հայաստանի «մաքսայնացման» թեմայով։ Իրենց ներդրումն այդ ամենում նույնքան է, որքան Սերժինը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը