Մեկնաբանություն

16.07.2014 11:04


Բաղրամյան 26–ի ստվերները չեն անհետանում

Բաղրամյան 26–ի ստվերները չեն անհետանում

Սերժ Սարգսյանը շարունակում է հավատարիմ մնալ իր ոճին։ Նա հրապարակավ աջակցություն է հայտնում վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց «1in.am»–ի միջոցով «տակից» հակաքարոզչություն տանում նրա դեմ։ Դա, իհարկե, Հովիկ Աբրահամյանի խնդիրն է։ Մենք պարզապես փաստերն ենք արձանագրում և ցույց տալիս, թե ինչպես է առաջանում գաղջ մթնոլորտը։

Ուշագրավն այն է, որ Բաղրամյան 26–ից անընդհատ տարածում են, թե, իբր, իրենք գովազդների մեջ լողացող «1in.am»–ի հետ կապ չունեն, և այդ կայքին աջակցում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը (մեր ողջույնները «քաղաքացիական» Ջոն Հեֆերնին)։

Այն, որ «1in.am»–ը ֆինանսական աջակցություն կարող է ունենալ ԱՄՆ դեսպանատնից, ոչինչ չի նշանակում։ Հայաստանում գռդոնչիություն անող մյուս «արևմտամետներն» էլ են խրախուսվում ԱՄՆ դեսպանատնից կամ արևմտյան այլ կառույցների կողմից, բայց չկարողացան, ավելի ճիշտ՝ չէին էլ կարող հայկական «Մայդան» սարքել նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից հետո, քանզի իրենց իրական «պապան» Հայաստանը Մաքսային միություն մտցնելու որոշում կայացրած և մեր երկիրն այդ միության դռան շեմին կանգնեցրած Սերժ Սարգսյանն է։ Հո իրենց տիրոջ դեմ «Մայդան» չէի՞ն սարքելու։ Հետո ի՞նչ, որ հեֆերններն առատաձեռն էին գտնվել։ Բաղրամյան 26–ն ավելի առատաձեռն է։ Ինչևէ։

Ի դեպ, արդեն կես ամիս է անցել այն պահից, երբ պետք է «գիծ» քաշվեր, ու բոլոր տնտեսվարողները դուրս գային ստվերից, սակայն պետք է արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանը զրոյական արդյունքի է հասել հիմնական ստվերի դեմ պայքարում, քանզի բիզնես կանտոռայի վերածված Բաղրամյան 26–ը շարունակում է գործել ստվերում և փողեր հավաքել բիզնես դաշտից։

Եթե Սերժ Սարգսյանն ու իր բարեկամները շարունակում են բիզնես գործունեությունը, ապա ի՞նչ «գծի» մասին է խոսքը, ի՞նչ ստվերի դեմ պայքարի մասին է խոսքը։

Սերժ Սարգսյանն իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է պետական կառույցներում, բայց հանդիսանում է Հայաստանի թիվ մեկ օլիգարխը։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց և ինչպե՞ս։ Այ, հենց այս հարցերն իշխանությունը պարզաբանի, դրանից հետո միայն թող սկսի «գծեր» քաշել։

Եթե Բաղրամյան 26–ի ստվերները չեն անհետանում, ապա Հայաստանի բոլոր՝ փոքրից մինչև խոշոր բիզնեսմենների բարոյական իրավունքն է հնարավորինս թաքցնել հարկերը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը