Կարծիք

19.07.2014 14:44


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի մի շարք ապրանքների թանկացման։ Առաջին հերթին դա կանդրադառնա հացի գնի վրա։ Բնակչության 37% աղքատության պարագայում դա բավականին լուրջ հարված կհասցնի խոցելի խավերին, երկրորդ՝ բիզնես դաշտի եղած «փշրանքներին», երրորդ՝ կխթանի արտագաղթը։ Բնական է, որ հասարակությանը ոչ միայն չեն հուզում իշխանության վերարտադրմանն ուղղված սահմանադրական փոփոխությունները, այլև սահմանադրական փոփոխությունների պահանջարկ ու կարիք բացարձակապես չունի։ Այդ ամենը հուզում է միայն Սարգսյանին, քանզի «բախվել է» Սահմանադրությանը՝ չկարողանալով ապահովել կրկին վերարտադրվելու գործընթացը։

Թանկացումների, ապօրինությունների և իշխանության ամենաթողության պայմաններում սահմանադրական բարեփոխումներին գնալը հավասարազոր է ինքնակամ սեփական «մահվան թղթի» ստորագրմանը։ Յուրաքանչյուր վերարտադրության փորձ արգելափակվելու է հասարակության ու ոչիշխանական քաղաքական ուժերի կողմից։ Լավագույնը, որ կարող է անել երկրի իշխանությունը՝

ա) լրջորեն զբաղվել երկրի անվտանգության ապահովման, պատերազմի վերսկսման վտանգի սպառնալիքի չեզոքացմամբ, մարտական դիրքերի ամրապնդմամբ։ Ինչպես նաև սահմանամերձ գոտիների խաղաղ բնակչության անվտանգությունը երաշխավորող միջոցառումների կազմակերպմամբ։ բ) վերջ տալ հանձնողական ու ապաշնորհ քաղաքականությանը, քանզի նման քաղաքական վարքագիծը վտանգում է սահմանագծում կանգնած յուրաքանչյուր զինծառայողի կյանքը։ Վերջապես, պետք է հասկանալ, որ բանակը պետության գերագույն արժեքներից մեկն է, և այն վտանգելը նույնպես ենթակա է դատապարտման։

գ) վերջ տալ թալանին ու զբաղվել երկրի քաղաքական–տնտեսական իրավիճակի բարելավմամբ, սկզբի համար կատարել «քառյակի» ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջները, որոնք, ի տարբերություն սահմանադրական փոփոխությունների, բնակչության համար առաջնային նշանակության ունեն ու ելնում են վերջինիս շահերից։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը