Կարծիք

20.07.2014 11:01


Ո՞Ր «ԵՍ»–Ը ԿՀԱՂԹԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՏ՝ ՇԱԽԱՏԻ՞ՍՏԸ, ԹԵ՞ ԽԱՂԱՄՈԼԸ

Ո՞Ր «ԵՍ»–Ը ԿՀԱՂԹԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՏ՝ ՇԱԽԱՏԻ՞ՍՏԸ, ԹԵ՞ ԽԱՂԱՄՈԼԸ

Սերժ Սարգսյանի թիմն առանձնահատուկ փութաջանությամբ է փորձում նրան ներկայացնել որպես քաղաքականության մեջ վիրտուոզ շախմատիստ: Հավանաբար Բաղրամյան 26-ում որոշ մարդկանց մոտ հաջողություններից գլխապտույտ է առաջացել, և իրենց ներշնչել են, որ Զբիգնև Բժեզինսկու «Շախմատային մեծ խաղատախտակի» մի կողմում Ամերիկան կլինի կամ մեկ ուրիշը, մյուս կողմում հաստատ Սերժ Սարգսյանը կլինի նստած: Իսկ, որպեսզի իրենց մտադրությունը տպավորիչ լինի՝ գործող նախագահը դարձավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

Բայց շախմատում կա նաև չգրված կանոն, որ ավելի լավ է բնութագրում խաղացողի փորձառությունն ու որակը, քան նրա կողմից բոլոր կանոնների բարեխղճորեն պահպանումը: Ո՞րն է դա, որ եթե հասկանում ես, որ պարտությունն անխուսափելի է, կապ չունի՝ քո թուլ խաղի պատճառով, թե հակառակորդի ուժեղ խաղի, անգամ 10 քայլ առաջ պետք է արժանապատվորեն ընդունես պարտությունդ, որպեսզի թեկուզ դրանով ապացուցես, որ ուժեղ խաղացող ես, ուղղակի այս անգամ խաղը չստացվեց, քանի որ արդեն գնահատել ես խաղային իրավիճակը և չես կարող հույս դնել այն բանի վրա, որ հակառակորդը ինֆարկտ կստանա, կամ՝ նա, ով քեզ գցել է այդ վիճակի մեջ, այնքան թույլ կգտնվի, որ կարող է չգնահատել իրավիճակն ու պատահաբար սխալ քայլ կատարել:

Այսօր Սերժ Սարգսյանը հրաշալի գիտի, որ պարտվել է, բայց ինչո՞ւ է շարունակում խաղը, երբ իրեն հարգող շախմատիստն ուղղակի պարտված պարտիան չի շարունակում: Այ հենց այստեղ է գործող նախագահին խանգարում իր «և-և»-ը, որ նա փորձում է խաղամոլի իր էությունը համադրել շախմատիստի կերպարի հետ: Մինչդեռ խաղամոլի համար էլ կա բնութագրող չգրված կանոն, որ եթե տեսնում է տարվում է, փորձում է նոր խաղադրույքներ կատարել, որպեսզի պարտված չհեռանա սեղանից, այլ վերադարձնի կորցրածը, և հույսը դնելով հրաշքի կամ էլ բլեֆի վրա, խաղում է մինչև վերջ, ու, որպես կանոն, կորցնում ամեն ինչ:

Մեր դեպքում Սարգսյանը միջազգային շախմատային խաղասեղանին խաղադրույք է կատարում ոչ իր միջոցներով, այլ Հայաստանով ու Ղարաբաղով։ Եվ այս պարագայում առանաձապես ցանկություն էլ չունի խաղի կեսից հետ կանգնելու ու իր պարտությունն ընդունելու:

Սարգսյանին հիմա դրսից ու ներսից համակարգված կերպով, իր վարած սխալ քաղաքականության պատճառով, անկյուն են քշել, քանի որ բոլորի շահերը համընկել են նրան պատժելու հարցում: Ու այս պարագայում դժվար չի հասկանալ, որ նա այդ վիճակից դուրս գալու շանս չունի, բայց Սերժ Սարգսյանին վերջնական կործանումից կարող է փրկել միան մի բան, որ նրա ներսում շախմատիստը հաղթի խաղամոլին:

Իսկ մեզ մնում է հիշեցնել նրան, որ մինչև վերջ պարտվելու գինը միայն ինքը չի հետագայում վճարելու, այլ ազգովին ենք վճարելու, մեր պետության սուղ ռեսուրսների ու անգամ անկախության հաշվին:

Այնպես որ, որքան էլ համբերատար լինենք, ստիպված ենք լինելու ազարտի մեջ ընկած Սարգսյանին հարկադրաբար դուրս բերել այդ վիճակից:

Հուսով եմ, որ նա, ի վերջո, կսթափվի և սեփական կամքով կգնա խաղաղ ճանապարհով իշխանափոխության, և չի ստիպի, որպեսզի հասարկակական լայն զանգվածների ուժով իրեն հրաժարական պարտադվի, քանի որ մեր երկիրն այնպիսի վիճակում է գտնվում, որ անգամ այդ պրոֆիլակտիկ քայլերի արդյունքում առաջացած ցնցումներին դիմանալու ռեսուրս կարող է և չունենալ:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202604102886289

Այս խորագրի վերջին նյութերը