Մեկնաբանություն

22.07.2014 00:44


Խոսում և ցուցադրում է ՀՀԿ–ական «համույթը»

Խոսում և ցուցադրում է ՀՀԿ–ական «համույթը»

Սերժ Սարգսյանն իրեն կցված հաստիքային և արտահաստիքային քարոզիչներն ունի։

Արտահաստիքայինները հանդես են գալիս «ընդդիմադիրի» կամ «անկախի» փաթեթավորմամբ և ավելի «նուրբ» ձևով են պաշտպանում Սերժ Սարգսյանին՝ ընդդիմանալով վերջինիս ընդդիմախոսներին (ալիբի ապահովելու համար զուգահեռաբար քննադատում նաև Սերժ Սարգսյանին)։

Ինչ վերաբերում է հաստիքայիններին, ապա սրանց վերապահված է ամենակացնային մեթոդով ու կոմսոմոլական ոճով «Վերջի բոլշևիկին» պաշտպանելու ֆունկցիան։

Արտահաստիքայինները, որպես կանոն, «խելոք–խելոք» մտքեր են հայտնում, պահանջում են Պուտինի հրաժարականը, երբեմն թունդ քննադատում Սերժին, բայց գլխավորը «Սերժի ընդդիմախոսներն էլ մի բան չեն, ու «վաբշե» սաղ սութ ա» կոդով հանդես գալն է։ Հենց արտահաստիքայինների միջոցով էլ տարածվում է գաղջը, քանզի պատվիրատուին պարտադիր քննադատելու միջոցով գեղամյանություն անելը գարշահոտություն է տարածում ամբողջ քաղաքական դաշտում։ Պատկերացնո՞ւմ եք, մարդուն վճարես ու պահանջես, որ քեզ քննադատի, ու երբեմն՝ նաև հայհոյի, ինչ է թե դրանից հետո հնարավորություն է ստեղծվելու մի քանի հավի խաբել ու ընդդիմության ընդդիմություն խաղալը որպես պայքար ներկայացնել։

Համեմատաբար անշառ են հաստիքայինները։ Սրանց պահով «մազալուն» այն է, որ այնքան են ձգտում էնտուզիազմով պաշտպանել շեֆին, որ ստացվում է՝ ինչպես միշտ։

Այսպես, Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցից հետո մարտի նետվեց ՀՀԿական «համույթը»՝ Հերմինե Նաղդալյան, Էդուարդ Շարմազանով, Կարեն Ավագյան և Հովհաննես Սահակյան։

ՀՀԿ–ականները, օգտագործելով «հայրենասիրական» բառապաշարը, փորձեցին պաշտպանել Սերժ Սարգսյանին, սակայն ակամայից «սխալ» հանեցին նույն Սերժ Սարգսյանին։

Ամենաուշագրավը Հերմինեի բոցաշունչ հարցազրույցն էր իշխանամետ կայքերից մեկին (մինչև նրա հարցազրույցը նույն կայքում հասցրել էր Տեր–Պետրոսյանի ասածների վերաբերյալ իր փայ «զաչոտը» ստանալ Բաղրամյան 26–ի արտահաստիքայիններից մեկը՝ թունդ արևմտամետ և սաստիկ սկզբունքային)։

Ըստ ԱԺ փոխնախագահի աթոռին հասած տիկնոջ՝ «քառյակի» մի շարք անդամներ փոխել են իրենց վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների և պետական կառավարման ձևի վերաբերյալ, ինչը մահացու մեղք է։

Նախ՝ պետք է նշել, որ «քառյակում» որևէ մեկը տեսակետ չի փոխել։ Պարզապես կան ուժեր, որոնք տարբերում են խորհրդարանական կառավարման համակարգը խորհրդայինից՝ նեոբոլշևիկյանից, և այդ իսկ պատճառով էլ դեմ են այն փոփոխություններին, որոնք ընդամենը միտված են «կաղ բադիկի» վերածված Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը։

Բացի այդ, եթե իշխանություններն, իրոք, ուզում են ոչ թե նեոբոլշևիկյան, այլ խորհրդարանական կառավարման համակարգ ներդնել, ապա թող ՀՀԿ–ական տղաներն ու աղջիկները, ինչպես նաև «ձյաձյաներն» ու «ծյոծյաները» Սերժ Սարգսյանին ու իրենց մյուս ընկերներին մեղադրեն անսկզբունքայնության մեջ, քանզի նույն Սերժ Սարգսյանը պարբերաբար հրապարակավ դեմ է արտահայտվել պետական կառավարման խորհրդարանական համակարգին, իսկ այսօր սահմանադրական փոփոխությունների մոլի երկրպագու և քարոզիչ դարձած Հրայր Թովմասյանը ոչ վաղ անցյալում հայտարարում էր, թե խորհրդարանական կառավարման համակարգը ծնել է ֆաշիզմ, և, հետևաբար, այն վատն է։ Այսօր արդեն Հրայրը «ձվերից» է կախվել ու կաշվից դուրս է գալիս Սերժի վերարտադրությանը նպաստելու համար։

Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր կրծքով պաշտպանում էին կիսանախագահական համակարգը, դարձել են սահմանադրական փոփոխությունների ջատագովներ և ուզում են հանրությանը համոզել, որ Սերժ Սարգսյանը վերջին վեց տարում կառավարեց, կառավարեց, երկիրը հետ շպրտեց, ահագին լավացրել իր ու իր նեղ շրջապատի սոցիալ–տնտեսական վիճակն ու դրանից հետո հասկացավ, որ Հայաստանում անձնակենտրոն ու միահեծան իշխանություն է ձևավորված, և ահա, պետք է այնպես անել, որ Սահմանադրությունը մարդակենտրոն դառնա։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Փաստորեն, Սերժ Սարգսյանը մեծ հումանիստ է, իսկ մենք այդպես էլ չենք գնահատում նրան, ու ստիպված դա անում է ՀՀԿ–ական «համույթը»։

Սևակ Մինասյան

Հ.Գ.: Դատելով ՀՀԿ–ականների արձագանքից՝ սրանց բոլորին շրջաբերական են իջեցրել (նախագահականի «պոլիտԾիխնոլոգներն ալարել են կամ չեն կարողացել ամեն մեկին մի ուղղություն տալ)։ Դա է պատճառը, որ Տեր–Պետրոսյանի խոսքին արձագանքողները թութակի պես նույն միտքն են տարբեր բառերով կրկնում նախագահի ինստիտուտի մասին, և այն մասին, որ իրենք շատ են հարգում առաջին նախագահին, բայց քանի որ այսպիսի փիս–փիս բաներ է ասում, այլևս չեն հարգելու նրան։

Փաստորեն, ՀՀԿ–ականների պռոշը ճաքում է Տեր–Պետրոսյանի ու նախագահի ինստիտուտի համար, բայց դե, ծաղկից առավել Սերժին են սիրում։

Հ.Գ.-2: Մի միջանկյալ դիտարկում նախագահականի «կուկլավոդների» թեմայով։ Ա՛յ «պոլիտԾիխնոլոգներ», հերի՛ք է «գռդոնով» զբաղվեք։ «Դառմայեդի» պես նստած՝ ուղեղներիդ չեք ուզում զոռ տալ ու ամեն մի հաստիքայինի օրիգինալ մի առաջադրանք տալ։ Դնում ու «շտամպովկա» եք անում էդ տնաշեններին, որ ի՞նչ անեք։

Բա լավ, մի մտքի թռիչք ունեցող «մուտիլովչիկ» չկա՞ էդ կողմերում, որ Սերժի հաստիքային պաշտպաններին վատ վիճակի մեջ չդնի։

Հ.Գ.-3։ Բաղրամյան 26–ը «1in.am»–ի միջոցով «մուտիլովկաներ» է տարածում, թե, իբր, Լևոն Տեր–Պետրոսյանը մտավախություն ունի, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ լեզու կգտնի սահմանադրական փոփոխությունների հարցում, և դրա համար է տվել իր հարցազրույցը։

Ա՛յ խելքներիդ ձյուն գա, էսքան «մուտիլովկաներ» եք անում, բայց չսովորեցիք գոնե ճշմարտանման «մուտիլովկաներ» հորինել։

Իրականությունն այն է, որ Ծառուկյանը վաղուց է կատարել իր ընտրությունը, իսկ Տեր–Պետրոսյանն ընդամենը զգուշացրել է, որ եթե իշխանությունները շարունակեն ճղճիմ մեթոդներով ճնշումներ բանացնել, ապա ստանալու են միասնական հակահարված, այսինքն՝ ՀԱԿ առաջնորդն իր գործընկերային ձեռքն է մեկնել ԲՀԿ–ին։ Ու հիմա որքան էլ «1in.am»–ների հետույքը մրմռա, միևնույն է, դրանից բան չի փոխվելու։ Շունը հաչում է, իսկ քարավանը՝ գնում։

Այս խորագրի վերջին նյութերը