Մեկնաբանություն

23.07.2014 12:05


Հայի բացառիկությունն ու այսօրվա Հայաստանը. ինչո՞ւ այսպես ստացվեց

Հայի բացառիկությունն ու այսօրվա Հայաստանը. ինչո՞ւ այսպես ստացվեց

Հայի բացառիկության մասին խոսակցությունները մեզանում երևի ամենասիրված թեմաներից են։ Նորմալ է, եթե չլինեին բազմաթիվ «բայցեր»... Այսօրվա մեր իրականությունը նաև այդ «բացառիկության» հետևանքն է։

Ընդունե՛ք, որ անհասկանալի է, երբ խոսում են հայրենասիրությունից, հայհոյում թուրքերին, բայց առավոտից երեկո մուղամահար են լինում։

Ո՞նց հասկանալ, երբ սեփական տունը կարգի բերելու փոխարեն՝ տնվորի կարգավիճակով հայտնվում են իրենց «երազած երկրում» ու տարիներով ապրում գետտոյատիպ ճամբարներում՝ շարունակելով պնդել, թե «երկիրը երկիր չէր»... Այդպիսիները շատ են։

Տարօրինակ է, երբ հասնում են Սևան՝ հանգստանալու և հովանալու, բայց ջուր են մտնում «խալաթներով»։ Հենց հիմա գնացե՛ք Սևան. համատարած է։

Բացառիկ երևույթ է, երբ խնդիրներից կքած երկրի ներսում պահանջում են Պուտինի կամ Օբամայի հրաժարականը։ Քիչ չեն նմանները։ Ու տպավորությունն այնպիսին է, որ դա կոմերցիա է, ավելի ճիշտ՝ «գռդոնչիություն»։

Ուղեղիդ մեջ չի տեղավորվում, որ հողահավաք հաղթանակն իր հետ կարող էր բերել նաև ընդգծված ենթատեքստով «հայաստանցի» ու «ղարաբաղցի» ձևակերպումներ։ Զզվելի՛ է։

Մի խոսքով, նայե՛ք շուրջբոլորը։ Բացառիկ գեներ կրող հասարակության մեջ այսքան խեղաթյուրված երևույթներ չպետք է լինեին։

Մեծ հաշվով, չեն էլ լինի, եթե կտրուկ փոխվեն վերևից եկող ազդակները, երբ իրական արժեքներ կրողները գան ասպարեզ՝ ամեն մեկն իր տեղում։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ Ես իրականում հավատում եմ հայերին ուղղակիորեն առնչվող Ատլանտների տեսությանը, հավատում եմ պնդումներին, որ քաղաքակրթությունն առաջացել է Հայկական բարձրավանդակից, որ հայերը բացառիկ դերակատարում են ունեցել ազգերի ձևավորման գործընթացներում։ Բայց այդ ամենը խամրում է այօրվա Հայաստանի պատկերից։ Վաղուց եկել է փոխելու և փոխվելու ժամանակը։

Այս խորագրի վերջին նյութերը