Մեկնաբանություն

24.07.2014 11:18


ՀՀԿ–ում «և, և»–ի հերթական «պրիստուպն» է

ՀՀԿ–ում «և, և»–ի հերթական «պրիստուպն» է

Սերժ Սարգսյանի ամենասիրելի քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը Բաքվում հայտարարել էր, որ շատ լավ կլինի, եթե Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միություն, քանզի այդպիսով ավելի հեշտ կլուծվի Ղարաբաղի հարցը։

Գեղամյանի ասածները տեղավորվում էին Զորի Գայկովիչի միջոցով Սերժի առաջ քաշած «գյուլիստանյան» հայեցակարգի շրջանակներում։

Իսկ այն, որ «դհոլը» Բաքվում դմբլդացնում էր Սերժի ցուցմամբ, կասկածի տեղիք չի տալիս, քանզի այդ տխրահռչակ հայտարարությունից հետո ո՛չ Բաղրամյան 26–ից, ո՛չ ՀՀԿ–ից որևէ հերքող կամ Գեղամյանին սխալ հանող արձագանք չեղավ։

Դա այն փուլն էր, երբ Մոսկվան ու Բաքուն ակտիվ բանակցությունների, ավելի ճիշտ՝ «բազառների» մեջ էին Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնել–չմտնելու թեմայով։ Սերժ Սարգսյանը կամովին ստանձնել էր այդ «բազառներում» Կրեմլի շահերը սպասարկողի ֆունկցիան և անում էր ամենահակահայ հայտարարություններն իր կամ ենթակաների շուրթերով։

«Վերջի բոլշևիկը» նախ Ծաղկաձորում բավարարեց Ալիևի պահանջները՝ հայտարարելով, որ Ղարաբաղը մեր պատկերացումներով և մեր օրենսդրությամբ Հայաստանի մաս չէ։ Հետո եղավ Գեղամյանի հայտարարությունը Բաքվում։

Մոսկվայի ու Բաքվի «բազառներին» առնչվող տեղեկատվությանը հետևելիս՝ այժմ արդեն ակնհայտ է, որ կողմերը համաձայնության չեն եկել ԵՏՄ–ի հարցում, և Մոսկվան Սերժի ծառայությունների կարիքն այս պահին չունի, ինչն էլ հնարավորություն է տվել Սերժ Սարգսյանին «հայրենասիրությամբ» զբաղվել՝ փորձելով ռեաբիլիտացվել։ Նա արդեն մեկ այլ ՀՀԿ–ականի շուրթերով հայտարարում է, թե նպատակահարմար չէ Ադրբեջանի՝ ԵՏՄ–ին անդամակցությունը։

Կրկնեմ՝ ՀՀԿ–ում ու սերժամերձ շրջապատում որևէ շնչավոր «առարկա» ծպտուն չի հանել Գեղամյանի հայտարարությունից հետո և չի ասել, թե՝ «Գեղամյա՛ն, տի նե պռավ»։ Չի ասել, քանզի Սերժի մոտ «և»–երից մեկի փուլն էր՝ ռուսահպատակության ու քիրվայության փուլը։

Հիմա, երբ ռուսներն ու ադրբեջանցիները լեզու չեն գտել իրար հետ, Սերժն այդ պահն օգտագործում է մյուս «և»–ը՝ «հայրենասիրական» մուղամն առաջ տանելու համար։

Այս ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը կենցաղային պատկերացումներ ունի քաղաքականության մասին և արտաքին քաղաքական ոլորտում առաջնորդվում է արևելյան շուկաներում առևտուր անող չարչիների հոգեբանությամբ։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ ՀՀԿ–ում միակ կայուն հայացքներ ունեցողը, թերևս, ՀՀԿ–ի տատիկն է։ Նրա մոտ «և,և» չկա։ Նա կայուն ձևով համակրում է Սերժ Սարգսյանին։ Ա՛յ, սկզբունքայնությունն այդպիսին պետք է լինի։

Այս խորագրի վերջին նյութերը