Լրահոս

26.07.2014 21:34


Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Նրա մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը նախ Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի և ժամանցի կազմակերպման համար «Ծովասար» համալիրում ստեղծված պայմաններին:

Մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նա ծանոթացել է Սևան-Գավառ մայրուղուց դեպի Լճափ համայնք տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որը Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է, նախատեսվում է ավարտին հասցնել ս.թ. սեպտեմբերի 1-ին: Նրան ներկայացվել է, որ արդեն կատարվել է հողային աշխատանքների հիմնական մասը, և ճանապարհի սկզբնամասում տեղադրվել է խճային հիմքը, որին կհաջորդեն ասֆալտբետոնյա շերտի կառուցման աշխատանքները: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Լճափ համայնքի բնակիչների հետ, ովքեր նրա հետ խոսել են համայնքին հուզող խնդիրների մասին: Նրանք կարևորել են ճանապարհի հիմնանորոգումը, ընդգծելով, որ գյուղ մտնող հիմնական ճանապարհը տևական ժամանակ չէր նորոգվել, ինչի հետևանքով երթևեկությունն այդ հատվածում մեծ դժվարություններ էր առաջացնում:

Մարզկենտրոն Գավառում Սերժ Սարգսյանը ծանոթացել է քաղաքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման ծրագրին: Աշխատանքները մեկնարկել են ս.թ. հունիսից, արդեն անցկացվել է ջրագծի համակարգ, ապամոնտաժվել է նախկին շատրվանային համակարգը, կատարվել են ջրավազանի ցանցապատման և բետոնապատման աշխատանքները: Նրան ներկայացրել են, որ վերակառուցված հրապարակն ունենալու է կանաչապատ ոռոգվող տարածք, ճեմահարթակ` սալապատված բազալտե սալիկներով, տեղադրվելու են նստարաններ և լուսասյուներ, ջրավազանում տեղադրվելու է ժամանակակից երգող գունավոր շատրվանային համակարգ:

Գավառում նա այցելել է նաև Շախմատի ակադեմիայի Գավառի տարածքային մասնաճյուղ, որը գտնվում է քաղաքի Ուսուցողական կենտրոնի շենքում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաջին հարկում Շախմատի ակադեմիայի Գավառի տարածքային մասնաճյուղի համար առանձնացված և հիմնանորոգված հատվածին, որտեղ բարելավված պայմաններում նոր ուսումնական տարվա սկզբից պարապմունքներ կանցկացնեն Գավառի շախմատասեր դպրոցականները:

Այնուհետև Մարտունի քաղաքի մշակույթի տանը Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սևանա լիճ-2014» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: Այն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ: «Սևանա լիճ-2014»-ը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի շրջանային մրցաշար է, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն գրոսմայստերներ:

Սերժ Սարգսյանն այսօր նաև ներկա է գտնվել Արարատի մարզի Նորաբաց համայնքում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը:

Այս խորագրի վերջին նյութերը