Մեկնաբանություն

27.07.2014 01:32


Մեր օրերի մասին

Մեր օրերի մասին

Արտագաղթի թեման այնքան սովորական է դարձել, որ հեռուստաընկերությունների մեծ մասն արդեն «լայաղ» էլ չի անում անդրադառնալ այդ խնդրին:

Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը հանդիպեց Հանրային խորհրդի անդամենրի հետ, որոնք նրանից նաեւ փորձեցին պարզել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում արտագաղթը կանխելու համար: Հեռուստառեպորտաժներում ասվեց միայն այդքանը: Թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը՝ այդ մասին ոչ մի տեղ ոչինչ նշված չէ: Հանրային խորհուրդում տեղի ունեցած քննարկման վերաբերյալ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում զետեղված մամլո հաղորդագրության մեջ անգամ այդ մասին խոսք չկա: Հավանաբար, Սերժ Սարգսյանը այս կարեւոր թեման շրջանցելու հրահանգ է տվել:

Ամեն դեպքում, Հանրային խորհրդում հնչած հարցին նա ինչ-որ բան պատասխանել է, որը, սակայն, այդպես էլ չհրապարակվեց:

Ինչ արած, նորից հիշենք լուսահոգի Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունը.

Ոստիկանական լրատու

Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն,
20–րդ դարի վերջին, ժամը 16 անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել...
Արտաքին նշանները՝ բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ
սիրտը կոտրված մի քանի տեղից...
Տեսնողներին խնդրում ենք շտապ հայտնել պառլամենտ, որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար...

Օրերս վերընթերցելով Կոստան Զարյանի հրապարակախոսությունը՝ հիշեցի նաեւ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված «հերոսներից» մեկին: Այսպես ասած՝ գլխավոր «տիրացուին», ով վերջին շրջանում ակտիվորեն շրջում է ճամբարներում եւ երեխաների գլխին հոգեւոր քարոզներ է կարդում:

Կոստան Զարյանի ստեղծագործությունից այս մեջբերումը լավագույնս է բացահայտում նավասարդկճոյանների իրական կերպարը. «Շնացած, վտանգավոր, քանդիչ։ Տիրացուն, որին դարերի ընթացքին հանդիպել են մեր Խորենացիները, Դավիթ Անհաղթները, Աբովյանները, Չարենցները, Բակունցները, տափակաոտն, նեղ ճակատ, շրթները չոր եւ սեղմ, քիթը ստորակետների մեջ սեղմած, աչքերը պարապին գամված, նախանձից եւ ոխից դեղնած այն էակն է, որ իր մտքի փոքրությունը եւ սրտի խեղճությունը սողալով ի սպաս [է] դնում ուժեղի եւ իշխանավորի առջեւ։ Նա տառ ուտող է, ընդհանուր տեղերի խոտը կրծող, ստոր եւ վրիժառու։ Նա միշտ էլ հլու հպատակն է տիրող հասարակարգի, պետության, կուսակցության վերջին որոշումների։ Այդ ողորմելիությունը անցյալում պաշտպանում էր եկեղեցին, ավետարանը, առաջնորդ եպիսկոպոսի հրամանները, այսօր՝ նա ավելի մարքսիստ է, քան Մարքսը, ավելի տալմուդական, քան Տալմուդը, ավելի չեկաբարո, քան Չեկան։ Մեջքի վրա պառկած, տոտիկները վեր, արեւը վայելող շնիկի նման, նա իրեն զգում է աշխարհի կենտրոնում։ Նա ամեն բան գիտի, որովհետեւ ամեն բան մեքենաբար կրկնում է, ամեն բան տեսնում է, դիտում, խուզարկում։ Նա ի ծնե ոստիկան է, լրտես, մատնող, ամբոխավար, ստրուկ։ Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է»։

Ինքն է, չէ՞:

«Վերջի բոլշեւիկի» եւ ՀՀԿ-ի կոմիսարը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը