Մեկնաբանություն

31.07.2014 11:44


Սերժ Սարգսյանի «և՛, և՛»-ը հարվածեց իր և եղբոր գրպանին

Սերժ Սարգսյանի «և՛, և՛»-ը հարվածեց իր և եղբոր գրպանին

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

Իրականում սա խիստ մտահոգիչ քայլ է Հայաստանի՝ առանց այն էլ խեղդամահ լինող տնտեսության համար։ Ու ի՞նչ են անելու հիմա Հայաստանի իշխանությունները։ Անարդյունք թպրտալո՞ւ են ի սկզբանե դատապարտված ու երկիրը վտանգավոր եզրի հասցրած «և՛, և՛»–ի քաղաքականության տիրույթում, ինչի հետևանքը եղավ շարունակական հարվածներ ստանալը և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից։ Դրանք հիմնականում քաղաքական էին, հիմա՝ նաև տնտեսական։

Միգուցե ա՞յժմ Սերժ Սարգսյանը հասկանա «և՛, և՛»–ի սնանկությունը։

«Մենք բոլոր պետություններին ու նրանց ռեզիդենտներին հորդորում ենք հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին»,– «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։

Սերժ Սարգսյանի եղբոր բիզնեսի զգալի մասը կենտրոնացած է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ իրականացնող երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Բա հիմա Սաշիկ Սարգսյանը ո՞նց է անելու, որ պահպանի գործարարի իր «բարի համբավը»։Բոլորս էլ գիտենք, որ Սաշիկն ու Սերժի շրջապատի մյուս ներկայացուցիչներն իրենց փողը ստվերային տարբերակով պտտեցնում են ռուսական «արեալում» և հետագայում տանում դրանք Արևմուտք։ Այսինքն՝ սաշիկները փող աշխատելու և փողը տեղաբաշխելու առումով էլ են «և՛, և՛»–ի քաղաքականություն վարում։ Հիմա դա դժվարանալու է։ Բայց Աստված նրանց հետ։

Հայաստանի կառավարությանը բաց տեքստով զգուշացնում են գործ չունենալ պատժամիջոցների ենթարկված ընկերությունների և անձանց հետ։ Այնպես որ, Հայաստանին ոչ թե արհեստական՝ սահմանադրական, այլ իրական փոփոխություններ են պետք, որոնց հետևանքով մենք կկարողանանք դուրս գալ սալի ու մուրճի արանքից։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Պարադոքս՝ համոզված կարելի է ասել, որ այսօր դա են ցանկանում նաև Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը համարվող գործարարները։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը