Մեկնաբանություն

02.08.2014 11:25


25 միլիոն դոլարի պատմությունն է՞լ են «սվաղելու»

25 միլիոն դոլարի պատմությունն է՞լ են «սվաղելու»

Երկրում տարօրինակ բաներ են կատարվում: Ավելի ճիշտ, այդ տարօրինակ երեւույթները նոր չեն. դրանք նկատվեցին դեռ վեց տարի առաջ, երբ մեծն «բարեշրջիչ» Տիգրան Սարգսյանը հայտնվեց երկրի վարչապետի աթոռին: Ով հիմա փափախը թեք դրած՝ անվրդով «ֆռֆռում» է Վաշինգտոնում, իսկ նրա թողած ավերիչ հետագիծը այսօր երկրում տիրող վիճակն է:

Սերժ Սարգսյանի թանկագին ու անփոխարինելի կադրը, պայմանավորված տարբեր բացահայտումներով, ամեն օր է իրեն հիշեցնել տալիս: Չի թողնում՝ իրեն մոռանանք, էլի:

Ցավալին այն է, որ հանրությունն արդեն վարժվել է ու կարծես սովորականի պես է ընդունում նախկին վարչապետի արարքներն ու քայլերը բացահայտող հերթական տեղեկությունը:

«Դե, ուրիշ բան «օֆշորի Տիկոյից» հնարավոր էլ չէր սպասել»,- արձագանքելով նրա կատարած հերթական անօրինության մասին լուրերին՝ ասում են մարդիկ:

Այդ անձի գործած «սխրանքների» հանդեպ հանրության վերաբերմունքն, անշուշտ, չի փոխվել, բայց մի տեսակ անելանելիության զգացողություն կա, քանզի ոչ մի երկրում ձախողված վարչապետին նոր պաշտոնով չեն պարգեւատրում, ինչպես վարվեց Սերժ Սարգսյանը՝ Տիգրան Սարգսյանին նշանակելով Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Մարդը հայրենիքում իրեն վստահված գործն արտակարգ ձեւով տապալում է, բայց դարձնում են արտակարգ ու լիազոր դեսպան այնպիսի կարևոր երկրում, ինչպիսին ԱՄՆ–ն է:

Իսկ հայաստանցիներին էլ մնում է ամեն առիթով հիշել թանկարժեք, բայց չաշխատող բիոզուգարանների, գյուղական բնակավայրերում սեմինարների վրա վատնված 18 միլիոն դոլարի (կովերը կթելու «տեխնոլոգիա» են ուսուցանել), պետբյուջեից հավեսով արվող «ատկատների», ԽԾԲ-ների շրջանում անցկացվող «տենդերների», Ռուսաստանից մատակարարված գազի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը թաքցնելու եւ բազում այլ ապօրինությունների մասին:

Էլ չենք խոսում օֆշորային սկանդալում նրա ներգրավվածության մասին:

Հիմա էլ իմանում ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ կապված տարօրինակ վարկային պատմության մասին:

Համալիրը ժամանակին 25 միլիոն դոլարի չափով վարկ է վերցրել ՀՀ ֆինանսների նախարարությունից, բայց հետագայում պարզվել է, որ այդ վարկի մասին տեղեկությունը պետբյուջեում գրանցված չէ:

Ըստ Համալիրի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուի՝ այս պետական ռեկետի հեղինակները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն են:

Այսինքն, քավորն ու սանիկը 25 միլիոնը հատկացրել են, բայց պետբյուջեում չեն գրանցել Համալիրի պարտքը, և մեքենայության արդյունքում Համալիրի սեփականատիրոջ ձեռքից խլվում է այն:

Դե, Տիգրան Սարգսյանի «ռազմախը» 10 միլիոն դոլարից պակաս չէ. 10, 18, 25: Ոչ պակաս:

Արդեն մի քանի օր է, ինչ տարածվել են Համալիրի 25 միլիոն վարկի եւ այն բյուջեում չգրանցված լինելու մասին տեղեկությունները, սակայն Կառավարությունը, իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքել այս հայտարարությանն այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն այդպես էլ որեւէ բառով չարձագանքեց օֆշորային սկանդալի մեջ գործող վարչապետի ներգրավված լինելու մասին՝ փաստերով հիմնավորված հրապարակումներին:

Համալիրի 25 միլիոնի դեպքում էլ կարծես թե առայժմ որոշել են «չլսելու» տալ, ինչը հուշում է, որ Սերժ Սարգսյանն անձնական շահագրգռվածություն ունի այս հարցում:

Գուցեեւ ընդհանրապես Կառավարությունն այդ խնդիրը ծածկադմփոց անի, քանի որ նոր Կառավարությանը Սերժ Սարգսյանը հրահանգել է որեւէ բառով չվատաբանել Տիգրան Սարգսյանի եւ նրա Կառավարության գործունեությունը, և բացի այդ՝ շարունակել նախորդի գործը։:

Թեպետ 25 միլիոն դոլարը այնպիսի մի «մախաթ» է, որ պարկում չես պահի:

Կամ էլ գուցե հարցը փակված համարվի դեսպան Տիգրան Սարգսյանի՝ Վաշինգտոնից արած հայտարարությամբ, որ Համալիրին 25 միլիոնի վարկի տրամադրման օրն ինքը եվրոպական ինչ-որ երկրում է եղել, հետեւաբար, չէր կարող կապ ունենալ բյուջեում այդ տեղեկությունը չգրանցելու փաստի հետ:

Հիշեցնենք՝ նույնկերպ նա փորձեց «արդարանալ» օֆշորային սկանդալում իր ներգրավվածության բացահայտման դեպքում:

Մի խոսքով, վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի կատարած անօրինություններին, կարծես, թիվ ու հաշիվ չկա: Եվ տարօրինակն այն է, որ նրա հետ առնչվող փաստերը ոչ թե լրջորեն քննության առարկա են դառնում, այլ Բաղրամյան 26-ի բարձր հովանու ներքո՝ «սվաղվում»-պարտակվում են:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը