Մեկնաբանություն

02.08.2014 11:37


Շփման գծում իրավիճակը կփոխվի միայն մեկ դեպքում

Շփման գծում իրավիճակը կփոխվի միայն մեկ դեպքում

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ Իլհամ Ալիևը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, Սերժ Սարգսյանին անընդհատ հայտարարում է. «Մենք ձեզ հանգիստ չենք տալու այնքան ժամանակ, մինչև չվերադարձնենք մեր հողերը»»,– «Սիվիլնեթի» եթերում, հղում անելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի դիվանագետին, ասել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Այսօր գիշերը Ադրբեջանը հերթական դիվերսիան է ձեռնարկել։ Ալիևն անում է Սարգսյանին խոսք տվածը։ Համենայնդեպս, Ադրբեջանը բացահայտ գնում է իրավիճակի սրման։

Ինձ անկեղծ հետաքրքիր է՝ ի՞նչ է պատասխանում Հայաստանի գործող նախագահն Ալիևի հոխորտանքներին։

«Դիվանագիտությունը տղայություն անել չի»,– անդրադառնալով իր ներկայությամբ Նազարբաևի կողմից Ալիևի նամակի ընթերցմանն ու հայկական կողմի քար լռությանը՝ ասել էր Սարգսյանը։

Հիմա հակառակորդը, նախագահի մակարդակով, միջնորդների ներկայությամբ, հայտարարում է, թե «հանգիստ չեք ունենալու», գնդակոծում է Հայաստանի և Արցախի բնակելի տարածքները, կրակում Կարմիր խաչի մեքենայի ուղղությամբ, արդեն շաբաթական առնվազն 1 խոշոր դիվերսիա է կազմակերպում։ Լավ, հետո՞։

Ի՞նչ է դվանագիտությունը Սերժ Սարգսյանի ընկլմամբ. Թուրքիայի նախագահին ինքնաթիռից «sms» գրե՞լը, թե՞ թուրքերից մերոնց կերած գոլից հետո հրճվելը։

Երկիրը թուլացրած իշխանությունը չի կարող համոզիչ լինել դրսում։ Բոլորը տեսնում են Հայաստանի գործող իշխանության որակները։ Ասենք, 3 տարի եվրոպացիների հետ պատրաստվել ասոցացման պայմանագրի ստորագրմանն ու մեկ օրում հայտնվել լրիվ այլ տիրույթում։ Բնականաբար, դա տեսնում է նաև Ադրբեջանը։

Արդյոք 6 տարի առաջ Ալիևն իրեն այս կերպ լկտի՞ էր պահում նույն նախագահների մակարդակով հանդիպումների ժամանակ։ Դժվար թե։ Ավելի ճիշտ՝ հաստատ այդպես չէր պահում։

Երբ Հայաստանի ներսում փոխվի իրավիճակը, անմիջապես այն կփոխվի նաև շփման գծում ու բանակցային սենյակներում։ Հաստատ կփոխվի։

Վախթանգ Մագարյան

Այս խորագրի վերջին նյութերը