Մեկնաբանություն

11.08.2014 00:14


Պացիֆիզմի ձևախեղումը

Պացիֆիզմի ձևախեղումը

Պացիֆիստական ցանկացած շարժում ի սկզբանե դատապարտված է ձախողման: Պատմության ընթացքում պացիֆիզմը միշտ ձախողվել է, քանի որ պացիֆիստները հրաժարվել են ընդունել կարևոր մի հանգամանք. միջազգային հարաբերությունների կառուցվածքը երբեք թույլ չի տվել և չի տա ստեղծել իրենց պատկերացրած խաղաղությունը:

Պացիֆիզմի գաղափարների վրա հիմնված փորձերի ձախողումները բազմաթիվ են. սոցիալիստներն Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ոգևորված էին պացիֆիզմի գաղափարով և փորձում էին միջազգային խաղաղությունը կառուցել պացիֆիզմի հիմքի վրա: Սոցիալիստները կարծում էին, որ պատերազմի պատճառը կապիտալիզմն է և հաղթելով կապիտալիզմին, հնարավոր կլինի խաղաղություն հաստատել աշխարհում:

Առաջին աշխարհամարտից առաջ սոցիալիստները պայմանավորվել էին չաջակցել կապիտալիստ իշխանություններին, այլ պաշտպանել միմյանց, ինչի համար Լենինը նույնիսկ տեսություն մշակեց: Համաձայն այդ տեսության՝ սոցիալիստների մտածելակերպը չպետք է թույլ տար պատերազմել միմյանց դեմ, սակայն երբ սկսվեց պատերազմը, Գերմանիայի սոցիալիստները պաշտպանեցին իրենց կառավարությանը: Սա ստիպեց Լենինին հետագայում հայտարարել, թե դա տեղի է ունեցել կապիտալիստների ճնշման ներքո: Այս քայլով Լենինը հրաժարվեց ընդունել, որ կապիտալիզմը սոցալիստների դրսևորած վարքագծի հետ չուներ անմիջական կապ: Պատմության հետագա ընթացքը ցույց տվեց, որ միջազգային խաղաղության համար պայքարող Լենինի ու սոցիալիստների կողմից կառուցված ԽՍՀՄ-ը մեծապես վտանգեց համաշխարհային խաղաղությունը:

Մարդկության պատմության զարգացման ընթացքում վտանգավոր գաղափարներից մեկը եղել է մարդու հավատամքի փոփոխության միջոցով խաղաղության հասնելը՝ անտեսելով միջազգային հարաբերությունների կառուցվածքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենի դրսևորած խաղաղասիրական վարքագիծը հետագայում լուրջ հարվածի տակ դրեց այդ երկրի անվտանգությունը:

Պացիֆիստական գաղափարախոսության հիման վրա խաղաղության կառուցման համար անհրաժեշտ է առաջին հերթին փոխել միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքը, ինչն, ըստ էության, անիրական է:

Միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքի պայմաններում խաղաղության միակ երաշխիքը ուժերի բալանսն է: Իհարկե խաղաղասիրության լոզունգներն հնչեղ են, բայց արդյունքները՝ աղետալի, ուստի խաղաղ ապրելու համար անհրաժեշտ է պատրաստվել պատերազմի:

Միջազգային հարաբերությունների կառուցվածքի պատճառով պացիֆիստական շարժումները միշտ ձախողվել ու շարունակելու են ձախողվել՝ պարարտ հողի նախապատրաստելով պատերազմների համար:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը