Մեկնաբանություն

11.08.2014 02:10


«В городе Сочи тёмные ночи»

«В городе Сочи тёмные ночи»

Բա իմացա՞ք, թե ինչ է եղել։ Սերժ Սարգսյանին Սոչիում տեսնող է եղել։ Հեռուստատեսությամբ են ցույց տվել։ Ու ասում են, որ նա «հուժկու» հարց է տվել Իլհամ Ալիևին։

Փաստորեն, վերջին օրերին տեղի ունեցածի վերաբերյալ հայ ժողովրդին պատասխան տալու փոխարեն՝ նա հարց է տվել ադրբեջանական ժողովրդի ինքնահռչակ ղեկավարին։

Հարցն այնքան «հուժկու» է եղել, որ իշխանական բոլոր քարոզիչներին, նրանց ֆեյքերին ու ֆեյքերի ֆեյքերին «Տագնապ» ազդանշանով հանել են ոտքի ու լցրել «Ֆեյսբուք», որպեսզի նրանք տարբեր ձևակերպումներով «ռասկրուտկա» անեն այն «պատմական» պահը, երբ «անհետ կորած» Սերժ Սարգսյանը Սոչիում հարց է տվել Իլհամ Հեյդարիչին։

Ի դեպ, սոչիներում հայտնված Սարգսյանի թիմն արդեն խիստ օպերատիվ է դարձել։ Սերժի աշխատակազմի ներկայացուցիչները Սոչիից մեզ են փոխանցում բոլոր մանրամասները։ Մեկը մեկից առաջ է ընկնում և գրավում «Թվիթերը»՝ կիսվելու համար թարմ տեղեկություններով։

Եվ պատմում են մեզ ամեն ինչ, ամեն քայլ, ամեն մի շարժում։ Ահա Սերժ Սարգսյանը պատրաստվում է հարցազրույց տալ, ահա նա արդեն տալիս է հարցազրույցը, ահա արդեն ավարտվեց եռակողմ հանդիպման մասին զրույցը, և այն կցուցադրվի ... երկուշաբթի հեռուստատեսությամբ (այստեղ օպերատիվությունը կաղում է, քանզի Սերժի խոսքը դեռ պետք է մոնտաժվի, շտկվի, «շիլիֆովկա» արվի, որպեսզի խիարը հանկարծ թարս չբուսնի)։

Վերջապե՜ս։ Վերջապես Սերժ Սարգսյանի սիրտը տեղն ընկավ, քանզի պարզ դարձավ, որ Պուտինն ամեն ինչ արել է, որպեսզի սահմանային բախումները չվերածվեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Դրանից հետո կարելի է արդեն երևալ հանրության աչքին և մոնտաժված տարբերակով պարզաբանումներ տալ։ Դրանով իսկ Սերժն անուղղակիորեն խոստովանում է, որ մինչև Սոչի մեկնելը չի իմացել իր ասելիքը և սպասվելիքը։ Այդ իսկ պատճառով էլ «կորել» է։

Ու խոխման այն է, որ Սերժը «վրայից» քծնում է Պուտինին, իսկ «տակից» («անկախ» լրատվամիջոցների օգնությամբ) հայհոյում նույն Պուտինին։ Ինչևէ։

Սաղ հեչ։ Կարևորը որ Սերժ Սարգսյանն անհայտ բացակայողից դարձավ հայտնի հարց տվող։ Մնում է միայն պարզել, թե ինչո՞ւ նա եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է ազատագրված 7 շրջանները հանձնել և փոխել Ղարաբաղի շուրջ ձևավորված ստատուս քվոն։ Չէ՞ որ եթե կողմ ես արտահայտվում Ղարաբաղի խնդրի կարգավորման այն սկզբունքներին և առաջարկներին, որոնք ներկայացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և որոնց մասին ինտենսիվորեն հայտարարում են ԱՄՆ ներկայացուցիչ Ուորլիքն ու Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները, ապա կողմ ես արտահայտվում ազատագրված տարածքների հանձնմանը՝ դիմացը ստանալով փուչիկ։ Սրա ի՞նչն է փոխզիջում համարում Սարգսյանը և ինչո՞ւ է երկու ձեռքով կողմ արտահայտվում։ Ա՛յ, այս թեմային է պետք անդրադառնալ։ Թե չէ, «Սերժ Սարգսյանը հարց տվեց Իլհամ Ալիևին» էժանագին քարոզով հեռու չես գնա։

Սերժն ավելի լավ է՝ պատասխան տա, թե ո՞ւր էր «կորել», ինչո՞ւ էր «անլեզու» դարձել և ինչո՞ւ է ամբողջ աշխարհի առաջ հայտարարում, թե պատրաստ է հողերը զիջել։ Լավ, մի՞թե «նախաձեռնողականությունից» դեռ դասեր չեն քաղվել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը