Մեկնաբանություն

13.08.2014 02:51


Կոմայգու տրանսվեստիտներն ու Բաքվի նավթը

Կոմայգու տրանսվեստիտներն ու Բաքվի նավթը

Ու նորից սկսվեց՝ «Մենք ավելի ժողովրդավար ենք, քան Ադրբեջանը»:

Հերի՛ք եղավ նման անհեթեթ զուգահեռներ անցկացնել: Եթե Հայաստանում իշխանության ընդդիմախոսներին համատարած բանտ չեն նետում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Կարողանային՝ կանեին:

«Ժողովրդավար» Հայաստան ու ավտորիտար Ադրբեջան. դե համեմատե՛ք:

Հայաստանի իշխանական համակարգում այսօր որոշումներ ընդունում են բացառապես մեկ կամ, լավագույն դեպքում, երկու–երեք մարդ: Արդյունքում՝ ՀՀ քաղաքացու ու Հայաստանի շահերից բխող և ոչ մի որոշում. լրիվ հակառակը:

Բարեբախտաբար, նույն վիճակն Ադրբեջանում է:

Բնակչության մեկ շնչի հաշվով այսօր «ժողովրդավար» Հայաստանից արտագաղթն ավելին է, քան ավտորիտար Ադրբեջանից:

«Ժողովրդավար» Հայաստանի տնտեսությունն ավերած իշխանավորներն այսօր մեծահարուստներ են, իսկ երկրի 40%-ը՝ աղքատ (պաշտոնապես):

Ավտորիտար Ադրբեջանում կյանքի որակն ավելի բարձր է, քան մեզ մոտ: Թող դա լինի նավթի, Մեհրիբանի հմայքի կամ այլնի հաշվին …

Ավտորիտար Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն մի քանի տասնյակ անգամ գերազանցում է «ժողովրդավար» Հայաստանի սահմանամերձ գյուղերին տրվող պետական հատկացումներն ու մի քանի «ռազմավարական նշանակության» ոլորտների ֆինանսավորումը՝ միասին վերցրած: Ու եթե հաշվենք, որ այնտեղի ռազմական բյուջեն գերազանցում է մեր ամբողջ բյուջեին, ապա ավելի քան տխուր պատկեր կստացվի։

«Ժողովրդավար» Հայաստանի սովորական քաղաքացին ուղղակի հոգնել է: Ավտորիտար Ադրբեջանի քաղաքացին ինձ բացարձակապես չի հետաքրքրում:

Մեկ մարդու ընտանիքի ու նրա մերձավոր շրջապատի ձեռքում կենտրոնացած տնտեսություն «ժողովրդավար» Հայաստանում, նույնը՝ ավտորիտար Ադրբեջանում…

«Ժողովրդավար» Հայաստանն այսօր չի կարողանում լուծել Կոմայգու զզվեցրած տրանսվեստիտների հարցը, ավտորիտար Ադրբեջանն իր նավթով լավ էլ հարցեր է լուծում, այն էլ՝ ռազմավարական բնույթի: Ու այսպես շարունակ…

Բայց «այսպես «շարունակն» այլևս չի կարող մեզ մոտ շարունակվել: Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք իրականում կարող ենք և պե՛տք է հզոր ու ժամանակակից պետություն ունենանք: Պետք է նաև միասնական լինենք (խոսքս իշխանությունների քարոզած միասնականության մասին չէ)։ Միասնական՝ առաջին հերթին ներքի՛ն հարցերը կարգավորելու գործում: Դրանից հետո Իլհամն «էն բանից» կանի ու կթուլանա:

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ Այսօր Իրաքում բառիս բուն իմաստով ցեղասպանություն է: Ցեղասպանություն 21-րդ դարում: Ու ի՞նչ է անում ժողովրդավար աշխարհը դրա դեմն առնելու համար: Միայն արձանագրում է ցեղասպանության փաստը: Ուրիշ ոչինչ: Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Ուկրաինայում և այլուր այսօրվա վիճակները չէին լինի, եթե այդ երկրներում իշխանությունը տարված չլիներ սեփական զուգարանակոնքերը ոսկեզօծելու մոլուցքով: Եվ անհեթեթ է դրսի ուժերին մեղադրելը։

Այս խորագրի վերջին նյութերը