Կարծիք

14.08.2014 12:38


Արմեն Հարությունյան. Վտանգը մեր երկրի ներսում է

Արմեն Հարությունյան.  Վտանգը մեր երկրի ներսում է

Երբ Սոչիի բարձր մակարդակի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն իր հարցազրույցով փորձեց բոլոր հարցերի պատասխանները տալ, հասկանալի է, որ իր ելութը մանրակրկիտ նախապատրաստված էր ու տեղը տեղին մոնտաժված, բայց, միևնույն է, ասեց-ասեց ու այդպես էլ բան չասեց: Ու եթե մեր դիվանագիտությունը Նալբանդյանի «շնորհիվ» «թշքաշ» մակարդակի վրա է, ապա արտաքին քաղաքականությունը՝ Սարգսյանի մեղքով՝ «ականջաքաշ», ուստի այդ ոչինչ չասող ելույթում էլ կիքսեր տվեց Ազատիչը, և ենթատեքստերը հասկացողների համար բավական բան բացահայտեցին:

Մասնավորապես, Արևմուտքի պատժամիջոցներին Պուտինը պատասխանում է, այսպես ասած, հակընդդեմ պատժամիջոցներով ու արգելում որոշ երկրների գյուղմթերքների մուտքը ՌԴ, ինչի արդյունքում, ըստ Սարգսյանի, մենք մեծ հնարավորություն ենք ստանում մեր գյուղմթերքն արտահանելու համար:

Բայց «վերջին բոլշևիկը» պատահաբար մոռացավ նշել, որ երբ ԵՏՄ-ն միասնական վերաբերմունք ցուցաբերի այդ միությունից դուրս երկրների ու այլ միությունների հանդեպ, ինչը նշանակում է, որ պատժամիջոցներն ուղղակիորեն կազդեն նաև մեզ վրա, քանի որ ստիպված պետք է լինենք արգելել մեր երկիր ներկրել այն երկրների ապրանքները, որոնք բոյկոտել է Եվրասիական միությունը:

Թողնենք մի կողմ, որ մեր կորուստներն Արևմուտքի դեմ առճակատման պարագայում ավելի շատ կլինեն (ու ոչ միայն տնտեսական), քան ակնկալվող շահույթը, որ կունենանք նրանց փոխարեն ապրանք արտահանելու հարցում, քանզի ավելի կարևոր հարց է մեզ հուզում:

Ըստ փոխադարձ պայմանավորվածության՝ Հայաստանը մտնելու է ԵՏՄ՝ առանց Ղարաբաղի, ուստի վերջինս չի կարող մեր հետ համահունչ քաղաքականություն վարել աշխարհի հանդեպ: Ի՞նչ երաշխիք ունեն Եվրասիական միության անդամ պետությունները, որ այն ապրանքները, որոնց հանդեպ էմբարգո են կիրառել, չեն հայտնվի ԼՂՀ-ում, այնտեղից էլ՝ Հայաստանում, այսինքն՝ ԵՏՄ տարածքում, երբ, ըստ մեր պաշտոնյաների հավաստիացումների՝ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն շարունակելու են լինել օրգանական կապի մեջ նաև մեր անդամակցությունից հետո: Կամ արդյոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սերտացնող Իրանից չե՞ն կարող ապրանքներ ներթափանցել Ղարաբաղ ու այնտեղից՝ Հայաստան: Չէ՞ որ ԼՂՀ արտաքին սահմանները ԵՏՄ-ի համար համարվում են անվերահսկելի, ինքն էլ՝ չճանաչված պետություն, ուստի ի՞նչ երաշխիք ունի ԵՏՄ-ն, որ այդ տարածքները չեն դառնա մաքսանենգ ապրանքների ներթափանցման համար տրանզիտ ճանապարհ, երբ ԵՏՄ-ն վաղը, իսկ ՌԴ-ն՝ արդեն այսօր, լուրջ պայքարի մեջ են Արևմուտի դեմ: Ու այստեղ «Հորս արև՝ նման բան չենք անի» Ղարաբաղի հավաստիացումը, լավ եք հասկանում, որ, մեղմ ասած, համոզիչ չէ: Անգամ այս պարզ օրինակով հնարավոր է հասկացնել իշխանության մեր «խելոքներին», որ Ղարաբաղի հարցում խնդիրներ են առաջանալու, եթե արդեն համաձայնվել են անդամակցել ԵՏՄ-ին՝ առանց նրա: Ու այս բանը, որքան էլ փորձեն թաքցնել, մեկ է՝ առաջիկա ամիսների ընթացքում բացահայտվելու է:

Իսկ այս սահմանային լարվածությամբ էլ մեզ հասկացնում են, թե ի՞նչ կարիք կա Ղարաբաղի համար արյուն թափելու, եթե կարելի է այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ հանձնել Ռուսաստանին (Սարգսյանի գաղափարակից ընկեր Զորի Բալայանի առաջարկած Գյուլիստանի պայմանագրի ոգուն համահունչ) կամ Ադրբեջանին (ըստ Սարգսյանի մեկ այլ գաղափարակից ընկեր Արտաշես Գեղամյանի՝ Բաքվում արած առաջարկի), եթե նա էլ մեզ հետ միասին լինի նույն միության մեջ, մենք էլ կունենանք ազատ սահմաններ: Իսկ թե պատերազմի ժամանակ տված հազարավոր զոհերին ու նրանց հարազատներին ու նաև՝ այսօրվա զոհերին, որոնց քառասունքն անգամ չենք նշել, ինչ պատասխան ենք տալու, ուղղակի չեմ պատկերացնում:

Վերջապես, պետք է հասկանալ, որ մինչև մեր վզին փաթաթված այս խեղդող վտանգը՝ Սարգսյանի տեսքով, չվերացնենք, անընդհատ վտանգների մեջ ենք լինելու թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում ու թե՛ սահմանի վրա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1450659488539167&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը