Տնտեսական

14.08.2014 12:54


Հավի «վերանորոգված» միս մեր մանուկներին. «Լավագույնը երեխաներին» շարքից

Հավի «վերանորոգված» միս մեր մանուկներին. «Լավագույնը երեխաներին» շարքից

Օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս:

Օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ:

Արտադրամասի զննությամբ հայտնաբերվել են փչացած հավի միս, վերամշակման համար նախատեսված քիմիական տարբեր նյութեր ու դատարկ տարաներ, որոնք վերցվել են հետագա հետազոտությունների համար: Էդվարդ Մխիթարյանը և նրա գործընկեր Գոռ Արզումանյանը, առաքման համար շահագործվող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանություն: Շուրջ 10 տոննա նմանատիպ հավի միս էլ հայտնաբերվել է Փարաքարում և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիրում գտնվող` Մխիթարյանի կողմից վարձակալված պահեստարաններում:

Միջոցառումներին ներգրավվել են նաև Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության մասնագետներ:

Փչացած հավի մսի վերականգնման, ապրանքային տեսքի բերելու մեխանիզմը նոր չէ: Նման հանցավոր գործունեություն ծավալվել ու կասեցվել է նաև այլ երկրներում: Բայց մեր դեպքում բարոյական կողմը բազմապատիկ խոցելի է. պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի հավի միս է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին :

Հետաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը