Մեկնաբանություն

19.08.2014 12:19


Թանկարժեք «պադավատն» ու պետության ամրությունը

Թանկարժեք «պադավատն» ու պետության ամրությունը

Շաբաթներ առաջ ՀՀ կառավարությունը որոշեց 33,150.0 հազ. դրամ տրամադրել Ազգային ժողովին «Toyota Land Cruiser» ավտոմեքենա գնելու համար:

Խոսքը Գալուստ Սահակյանի համար «պադավատ» ձեռք բերելու մասին է:

Կառավարության որոշումից մեկ օր անց թշնամին սկսեց գնդակոծել մեր բնակավայրերը, թշնամու դիվերսիոն խմբերը փորձեցին ներխուժել մեր տարածք, իսկ հաջորդող օրերին սահմանային լարվածությունը վերածվեց կիսապատերազմական վիճակի:

Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությունը վերստին բացահայտեց մեր սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը:

Իսկ վերջին օրերին, երբ արդեն շփման գծում իրավիճակը փոքր-ինչ խաղաղ է, 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող եւ ավելի քան 33 միլիոն դրամ արժողությամբ մեքենայով շրջող Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ գտնվում էր Տավուշի մարզում:

Եղել են դիրքերում, զրուցել են մեր զինվորների ու սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, նաեւ պարզել, թե այս պահին ինչ է անհրաժեշտ անել սահմանագոտում ապրող գյուղացիների համար, որպեսզի վերջիններս չլքեն իրենց բնակավայրերը:

Իշխող ուժը նոր-նոր է գիտակցում (կամ ցույց է տալիս, որ գիտակցում է), որ սահմանամերձ գյուղերում ապրողները նույնպես զինվորներ են, որոնք իրենց գոյությամբ եւ հայոց բանակի զինվորների թիկունքին կանգնած՝ պահում են մեր սահմանները: Իսկ որպեսզի սահմանամերձ գյուղերը չդատարկվեն, այնտեղ ապրողներին պետք է արտոնություններ տալ:

Սահմանամերձ շրջաններում գործարարներին պետք է հարկային արտոնություններ տրամադրվեն, խորհրդային բանկերում սահմանագոտու բնակիչների ունեցած ավանդները պետք է արագ փոխհատուցվեն, պետք է բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի վարձերը զեղչվեն:

Սրանք անհրաժեշտ նվազագույն քայլերն են: Արտոնություններ, որոնք վաղուց պետք է տրվեին, բայց քանի որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե վերեւում ապրողները թող իջնեն, ներքեւի գյուղերում ապրեն, որտեղ կենսապահովման պայմաններ կան, վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այլեւս խնդիր չուներ՝ զբաղվելու սահմանամերձ գյուղերի հարցերով կամ այնտեղ ապրողների համար արտոնություններ սահմանելու մասին մտածելու:

Իշխող ուժը նման խնդիր երբեք էլ չի ունեցել:

Այդ հիմա է, որ ստիպված են արտոնություններ տալու մասին մտածել (կամ ցույց տալ, որ մտածում են):

Բայց մինչ այդ սեփական աշխատավարձերն են բարձրացնում, ավելի քան 33 միլիոնանոց մեքենան են դնում Գալուստ Սահակյանի տակ, որը գնում է սահմանամերձ շրջաններ ու խոսում է արտոնություններ տալու հնարավորության մասին:

Եվ իր թանկարժեք մեքենայի մասին հարցին էլ տեղում պատասխանում է. «Դա նորից պետության ամրության համար է, որևէ անձի համար չէ. վաղը, մյուս օրը կարող է մեկ ուրիշ մարդ այդ մեքենան նստի: Առաջիկա բյուջեի ընդունման ժամանակ նորից մեքենաներ պետք է գնենք, քանի որ երբ արտասահմանյան հյուրեր են գալիս, ու մենք մեքենաներ ենք պատվիրում, ավելի թանկ է նստում ԱԺ-ի վրա, քան ինքդ ես շահագործում»:

Ուրեմն, սահմանամերձ գյուղերում կուտակված խնդիրները չեն կարողացել մինչ օրս լուծել՝ այդպիսով սասանելով պետության ամրությունը, Գալուստ Սահակյանը պետության ամրությունը պայմանավորում է իր թանկարժեք «պադավատի» գոյությամբ:

Որքան թանկ են իշխանավորների «պադավատները», այնքան ամուր է մեր պետականությունը:

Ուղղակի պետք է հաշվել, թե այդ 33 միլիոնով սահմանամերձ գյուղերի համար նախատեսված արտոնությունների ո՞ր մասը կարելի էր կատարել, եւ շատ վաղուց:

Եթե նկատի առնենք բյուջեից եւ տարբեր պահուստային ֆոնդերից նախկինում ինչ-որ ծրագրերի իրագործման նպատակով հատկացված հսկայական գումարները, նույնն է թե՝ անիմաստ վատնումները, ապա այդ գումարները սահմանագոտի ուղղելու դեպքում հիմա այնտեղ իրավիճակը միանգամայն այլ կլիներ:

Բայց դե, օրինակ, Սերժ Սարգսյանն անցած տարիներին նախընտրում էր եւ է նախագահականի դրամաշնորհային մրցույթների համար հատկացնել 500 միլիոն դրամ: Իսկ թե ինչ կազմակերպություններ են «հաղթեցվում» այդ մրցույթներում, եւ այդ գումարները ինչ նպատակով են ծախսվել ու ծախսվում, ինչ արդյունք են տվել այդ մրցույթները, շատ է խոսվել ու գրվել: Զրոյական արդյունք:

Իսկ հիմա նոր-նոր սահմանում ապրողների համար արտոնություններ սահմանելու «ցրցամ են տալիս»:

Պակաս ուշագրավ չէ նաեւ գերի ընկած եւ սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի պարագան:

Ուրեմն, Չինարիի ՀՀԿ-ական գյուղապետը գիտեր նրա մասին ամեն ինչ, այն, որ Կարենը «մտավոր թույլ» էր, որ միայն «1» թիվը գիտեր, որ նրա մայրը հոգեկան հիվանդ է, որ այդ օրը, երբ Կարենը գնացել է վառելափայտ բերելու, խմած է եղել, որ նա գործազուրկ է եղել, որ…

Մի խոսքով, ամեն ինչ գիտեր Կարենի մասին: Մյուս կողմից էլ՝ շեշտում է, որ գյուղը գազաֆիկացված է, բայց Կարեն Պետրոսյանի ընտանիքն ի վիճակի չի եղել գազ քաշելու:

Բա եթե այդքանը գիտեր ՀՀԿ-ական գյուղապետը, ինչո՞վ է փորձել անցած տարիներին օգնել Պետրոսյանների ընտանիքին: Ոչնչով:

Սոցիալապես ավելի խոցելի ընտանիք կա՞ր, քան այդ ընտանիքն է: Օգնեիք՝ գազ քաշեին, ու Կարենն էլ չէր գնա վառելափայտի, եւ այդ ողբերգությունն էլ տեղի չէր ունենա:

Սակայն, ում ինչ ենք ասում: Իշխող ուժն՝ իր առաջնորդի գլխավորությամբ, գիտե, թե ինչպես է «ամրացնում» պետությունը և «ապահով Հայաստան» կառուցում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը