Մեկնաբանություն

20.08.2014 10:40


«Հայկական աշխարհի» նոր «պռարաբը»

«Հայկական աշխարհի» նոր «պռարաբը»

2008թ. սկսած իշխանությունները «Հայկական աշխարհ» են կառուցում։ Արդյունքները ցնցող են. ՀՀ բնակիչների թիվը վերջին վեց տարում պակասել է շուրջ 300 հազարով։

«Հայկական աշխարհի» ճարտարապետն, անշո՛ւշտ, Սերժ Սարգսյանն է, ով խնդիր է դրել «հակաօլիգարխիկ պայքարի» շրջանակներում սուպերօլիգարխիկ համակարգ ստեղծել, հարկային տեռորի միջոցով կենտրոնացնել ֆինանսական հոսքերն ու ցմահ իշխելու հնարավորություն ստանալ, կամ, այլ կերպ ասած, նեոբոլշևիկյան հարաբերություններ հաստատել։

«Հայկական աշխարհն» ունի նաև «պռարաբ»։ Նախորդը տխրահռչակ Տիգրան Սարգսյանն էր, ով «գաղափարական» տեսք էր տալիս ՀՀԿ ղեկավարի ծրագրերին և փորձում էր «առաջադեմ» մտքերով քողածածկել վարվող հետադիմական քաղաքականությունը։ Լյափսուսներից խուսափել, սակայն, չէր հաջողվում։

Տիգրանի լեզվի սայթաքումները ժամանակ առ ժամանակ բացահայտում էին նեոբոլշևիկների իրական նպատակները։

Նախկին վարչապետը կես կատակ–կես լուրջ նետեց, թե շատ լավ է, որ ՀՀ քաղաքացիներն արտագաղթում են. «Բա այստեղ մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»,– անկեղծացավ նա։

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա Տ. Սարգսյանը դա դրական էր գնահատում, քանզի մասնավոր տրանսֆերների միջոցով հնարավորություն էր ստեղծվում սնուցել բյուջետային «ատկատների» և կեղծ «տենդերների» կազմակերպման վրա հիմնված տնտեսական համակարգը։

Օֆշորային սկանդալի գլխավոր հերոս Տիգրանին «քառյակի» ճնշման տակ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հեռացնել և «փախցնել» ԱՄՆ։

Այժմ «Հայկական աշխարհը» նոր «պռարաբ» ունի, ով պարբերաբար հայտարարում է, թե ինքը Բաքվում կիսատ թողած գործեր ունի, բայց հայ–ադրբեջանական բախումների օրերին նրան ոչ ոք Բաքվում և անգամ Բաքվից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող դիրքերում չտեսավ (ինքը հո հարի՞ֆ չի, որ «մարտական» ջիպերով հասնի սահման. դրա համար խեղճ ու կրակ ընտանիքների երեխաներ կան, որոնց վերապահված է զոհվելու ֆունկցիան, իսկ, այ, Բաքու մտնելու համար կա ինքը)։

Նոր «պռարաբը», ինչպես կռահում եք, գեներալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանն է, ով սիրում է «հուժկու» հարցազրույցներով և «ահասարսուռ» համագումարներով սատար կանգնել իր սիրելի «Վերջի բոլշևիկին»։

Մ. Գրիգորյանը նույն բաներն է քարոզում, ինչ Տիգրան Սարգսյանը՝ պարզապես «քյարթու» ձևով ու «քյասար» տարբերակով։

Երեկ, օրինակ, նա ուրախություն հայտնեց, որ կա արտագաղթ, քանզի, ըստ նրա, գնացողները փող են ուղարկում Հայաստան։ Տիգրան Սարգսյանն էլ էր այդ նույն միտքը հայտնում, բայց ավելի դեմագոգիկ ձևակերպումներով և տերտերական առոգանությամբ։

Մանվելն ուրիշ ոճի մեջ է։ Նա չունի Տիգրանի տառաճանաչությունը, օստապբենդերական «հմայքը» և «միջազգային» մասշտաբները, բայց փոխարենն ունի այնքան խելք, որպեսզի ճիշտ ըմբռնի վարվող ներքին քաղաքականության էությունն ու այդ մասին բարձրաձայնի։

Տիգրան Սարգսյանը չէր խոստանում Բաքու մտնել, Մանվելը խոստանում է։ Երկուսն էլ, իհարկե, մտնող չեն, քանզի մտնելու ժամանակ նրանք չեն լինելու մտնողների մեջ, ինչպես վերջին օրերին սահմանում զոհվողների մեջ նրանց ու նրանց հարազատների անունները չկային։ Ինչևէ։

«Հայկական աշխարհի» նոր «պռարաբը» լիսկաների «կամանդիռն» է և դրանով իսկ՝ ավելի հոգեհարազատ Սերժ Սարգսյանին։ Տիգրանը միայն կարողանում էր խոսել ու ապահովել ֆինանսական հոսքերը դեպի Բաղրամյան 26։ Մանվելին մի փոքր այլ խնդիր է վերապահված։ Նա Սերժի հենարանն է։ Համենայնդեպս, «Վերջի բոլշևիկն» այլ հենարան չունի։ Ու եթե հաշվի առնենք Մանվելի պարբերաբար ճամբարից ճամբար հայտնվելու «խասիաթը» և «քաղաքական» էությունը, ապա կարող ենք պնդել, որ Սերժ Սարգսյանի վիճակը լուրջ է։ Բայց դա իր խնդիրն է։ Հանրության խնդիրը պետք է լինի մանվելների և լիսկաների վրա հենված իշխանության հեռացումը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Մանվել Գրիգորյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, ինչից կարելի է հստակորեն եզրակացնել, որ Հայաստանում բանդիտական համակարգ է ներդրվում, և դա է Սերժ Սարգսյանի միակ «քաղաքական» ծրագիրը, որը նա փոխառել է մեկ այլ մարդուց և կատարելագործել այն։

Այսպես, էջմիածինցի գենարալն, անդրադառնալով ծեծի միջոցով ազատամարտիկի սպանության պատմությանը, նշեց, որ եթե արժանի պատժի չարժանանան սպանողները, ապա ինքն է պատժելու նրանց ու երկրից վտարելու է։ Նկատենք, որ որքան էլ մարդասպաններն արժանի լինեն դաժան պատժի, դա պետք է իրականացնի պետությունն՝ իր համապատասխան կառույցներով։ Մանվելն ո՞վ դարձավ, որ պատժիչ ֆունկցիա կատարի ու դեռ մի բան էլ այդ մասին հայտարարի։ Մենք պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ քուչի «պանյատներով» առաջնորդվող բանդա։ Մանվել Գրիգորյա՞նն է արդարադատության վերջին ատյանը։

Գրիգորյանը նաև հայտարարեց, թե պատերազմն սկսվելու դեպքում ինքն «օլիգարխ» կոչվածներին և նրանց զավակներին կգցի իր դեմն ու բոլորին կքշի կտանի առաջին գիծ։ Ու կրկին հարց է առաջանում՝ ո՞վ դառավ Մանվելը, որ նման բան հայտարարի և, առավել ևս, անի։ Պետությունը Մանվե՞լն է, թե՞ նրան ոչ ֆորմալ զինկոմ են նշանակել, բայց մենք տեղյակ չենք։

Ի դեպ, բոլոր օլիգարխների զավակներին սահման քշելու մանվելական ձևակերպումը զավեշտի ոլորտից է, քանզի նա ՀՀ թիվ մեկ օլիգարխի «պռառրաբն» է և համատեղությամբ՝ նաև օլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչը։

Փաստորեն, կռվի ժամանակ Մանվելն ու իր շեֆերի զավակներն են հայտնվելու առաջին գծում, բայց դե, դա ֆանտաստիկայի ոլորտից է, քանզի փառապանծ գեներալը միշտ սիրում է հեռու գտնվել կրակագծից, և զուտ մարդկայնորեն նրան կարելի է հասկանալ, քանի որ ամեն մեկն իր թույլ կողմերն ունի։

Այս խորագրի վերջին նյութերը